Կառավարությունը սոցիալական ծախսերը կբարձրացնի զգուշորեն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը, մասնավորապես, նշել է. թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը պետական սեկտորում, անհրաժեշտության դեպքում, կարելի չի լինի նորից չեղարկել՝ հասցնելով նախկին մակարդակին։ Ուստի, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, դրանք պետք է բարձրացնել միջնաժամկետ ֆինանսական հնարավորություններին նայելով։ «Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն 648 մլրդ դրամ։ Դա 10 տոկոսով ավելին է 2022թ. համեմատ։ Իսկ ընդհանուր առմամբ, պետբյուջեի եկամուտները կկազմեն մոտ 2 տրլն 300 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 2 տրլն 590 մլրդ դրամ։ Երկու ցուցանիշն էլ մոտ 18 տոկոսով ավելին են, քան 2022թ.»,- նշել է ֆիննախարարը։

Ծախսերի առյուծի բաժինը կկատարվի հարկային մուտքերի հաշվին։ Դրանք կկազմեն մոտ 2 տրլն 204 մլրդ դրամ, ինչը 15 տոկոսով ավելին է 2022թ. ցուցանիշներից։ Այլ եկամուտները կկազմեն մոտ 80 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները՝ 17 մլրդ դրամ։