Այս տարվա մարտից սկսած, երբ դեպի Հայաստան ժամանակավոր այցելած եւ այստեղ բնակվող օտարերկրացիների քանակը կտրուկ աճել է, իրենք իրենց հետ բերել են նաեւ մասամբ աշխատանքային եկամուտներ, մասամբ խնայողություններ, որոնք օգտագործում են կացության հարցերը լուծելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա ազդում է փոխարժեքի փոփոխության վրա: Գիտեք, որ մեզ մոտ փոխարժեքը չի կառավարվում, առաջարկն ու պահանջարկն են որոշում փոխարժեքը: Հիմա առաջարկը զգալիորեն բարձր է պահանջարկի նկատմամբ, հետեւաբար, դրամը արժեւորվել է դոլարի նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե դրամն արժեւորված չլիներ, գնաճն ավելի բարձր կլիներ:

«Աշխարհում մեծ գնաճ կա, նաեւ պայմանավորված պարենի միջազգային գների ավելացմամբ: Այդ երեւույթը ազդում է նաեւ ՀՀ-ում գնաճային բավական բարձր ֆոնի վրա: Եթե չլիներ դրամի արեւորման որոշակի զսպող ազդեցությունը, գնաճն ավելին կլիներ, քան կա»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

Անդրադառնալով տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշին, նախարարը նշեց, որ այն արհեստական չէ:

«Կան շատ անորոշությունններ, որոնք հատկապես պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, և որոնք այս անցած ամիսների ընթացքում ձևավորվել են մի կողմից՝ դեպի Հայաստան մարդկանց զգալի ներհոսքի պատճառով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտներում մասնագիտացված անձանց, որոնք ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, և դրանով պայմանավորված արտարժութային ներհոսք է առաջացել, և մյուս կողմից՝ դրամական փոխանցումներն ավելացել են դեպի Հայաստան, որոնք ազդում են նաև ընդհանուր սպառման ծավալների ավելացման վրա, դրանք առաջացրել են որոշակի տնտեսական ակտիվություն: 9 ամիսների հանրագումարով ունենք 14 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն»,- ասաց նա:

Նախարարը համաձայն չէ այն մտահոգությանը, որ տնտեսական ակտիվությունը մարզերում չի զգացվում:

«Ես այդպիսի գնահատականին չեմ կարող համաձայնվել»,- ասաց նա՝ նշելով, որ հիմնական այցելուները գտնվում են Երևանում, բնականաբար, սպառումն ավելի շատ ավելանում է Երևանում: