Ես չեմ կարծում, որ կա հակակրանք, կա քննադատություն, որը շատ նորմալ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հակակրանքն իր հանդեպ, որը խիստ քննադատեց նախարարին բյուջեի քննարկման ժամանակ:

«Կարող եմ ասել, որ մենք իր ընկերությունների հետ էլ ենք որոշակի առումով աշխատել, որոշակի ներդրումային ծրագրեր իրականացրել եւ այդ առումով, ես շատ հանգիստ եմ տանում քննադատությունը:

Քանի որ ես եկել եմ այս պաշտոնին այնպիսի բիզնեսից, որը զբաղվում է սպասարկմամբ, իսկ սպասարկմամբ զբաղվող ընկերությունները քննադատությունը շատ բարեհաճորեն են ընդունում, որովհետեւ դա համարում են իրենց զարգանալու միակ, ամենակարեւոր խթանը: Ես էլ որպես մարդ համարում եմ, որ քննադատությունը բաց ընդունելը միայն ինքնազարգացման համար լավ է: Այսինքն քննադատությունն ինձ ավելի լավը կդարձնի»,-ասաց Քերոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ Սուքիասյանը էկոնոմիկայի նախարարին ասեր էր. « «Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»:

 Ինձ համար հաճելի չէ այս կարգի նախարարի հետ զրույց ունենալ. Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին