Շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված են սրբեր, այդպիսի բան չի լինում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կան որոշակի հակասություններ ՔՊ-ի ներսում։
«Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս։ Կարող է պատահի, որ մեր թիմում քաղաքական իմունիտետը հիվանդությունների նկտմամբ ոմանց մոտ բարձր է, քիչ հիվանդացած ենք, բայց բոլորս էլ ունենք մեր թերությունները, ամեն ինչ հնարավոր է։ Որոշ հարցերի շուրջ իմ և իմ թիմակիցների միջև տարաձայնությունները երբեմն ավելի խորն է, քան իմ և ընդդիմադիր գործընկերների միջև, դա բնական, տրամաբանական բան է»,- ասաց Աղազարյանը՝ հավեկլելով, որ իրենք պետք է իրենց մոտից արմատախիլ անեն ցանկացած հավանական թերություն, որպեսզի նոր ձեւավորված ՔՊ-ի վրա լեգիտիմության իմաստով որեւէ բիծ չլինի:
Հարցին՝ կան արդյո՞ք կուսկացության ներսում այսպես կոչված «պապիկյանական», «ավինյականական» թևեր, Աղազարյանը ասաց․«Ես էլ «աղազարյանական» թևից եմ: Եթե իմ որոշ երիտասարդ գործընկերներ իրար հետ ավելի հաճախ են սուրճ խմում, դա չի նշանակում, որ իրենք իմ դեմ են։ Չեմ կարող ասել, գուցե վարչության ընտրության հավանական վերջնահաշվարկը որոշ պարզություն մտցնի այս հարցում»։
Դիտակմանը, թե քննարկումներ կան, որ կուսակցության վարչության կազմում ընտրվելու սկզբունքը եղել է այն, թե որքանով են հավատարիմ Նիկոլ Փաշինյանին, Աղազարյանը ասաց․«Ինձնից հավատարիմ մարդ Փաշինյանին չկա, ու ես չեմ ընտվել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները: Նշվում էր, որ ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը, քանի որ պաշտոնի համար թեժ մրցել են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։
Ըստ թերթի՝ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձևավորվել։
Հավելենք, որ նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը , փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շատ քիչ ձայներով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։
Այսօր արդեն տեղեկություններ տարածվեցին, որ ՔԿ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքում այնտեղից դուրս են մնացել Համբարձում Մաթեւոսյանն ու Հայկ Կոնջորյանը, փոխարենն ընտրվել են Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը:











