Ես առաջին անգամ ձեզնից լսեցի, չգիտեի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր  դատախազը մտնելու է ԱԺ՝ երեք ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի, Վահե Հակոբյանի, Արմեն Չարչյանի, անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

«Այդ հարցը չի քննարկվել, երբ գա, կքննարկենք»,-ասաց նա:

Հարցին, թե այդ երեւույթին ինչպե՞ս է վերաբերվում, նա պատասխանեց. «Եթե դա հիմնավորված է, նորմալ եմ վերաբերվում: Ընդհանրապես իմ նախընտրական ծրագրում կար, որ պետք է պատգմավորական անձեռնմխելիություն չլինի: Ինչո՞ւ պետք է պատգամավորն այդ առավելությունն ունենա: Ասում են, որ քաղաքական ճնշումների չենթարկվի, բայց դա ծիծաղելի է դառնում, որովհետեւ եթե որեւէ քաղաքական ուժ մեծամասնություն է կազմում, դա մեխանիկորեն լուծվող հարց է;

Դե բնականաբար, դատախազը պետք է հիմնավորի, մենք էլ մեր քննարկումները կունենանք, կճշտենք եւ կկողմնորոշվենք»: