Բոլոր ժողովրդավարական երկրներում տարբեր ընտրությունների ժամանակ առաջանում են թերություններ, լինում են թեկնածուներ, որոնք վերահաշվարկ են պահանջում, արտառոց բան չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Ես չգիտեմ՝ ինչ արտառոց իրադարձություն է տեղի ունեցել: Վերահաշվարկի անհրաժեշտություն է առաջացել, այն տեղի է ունեցել, արդյունքներն էլ հրապարակվել են: Ժողովրդավարությունը սրա մասին չի՞: Եթե ժողովրդավարության խնդիր լիներ, վերահաշվարկ չէր լինի: Կարծում եմ՝ դաշտում ՔՊ-ն միակն է, որ ընտրություններով է ձեւավորում իր վարչության կազմը: Ո՞րն է այստեղ կեղծիքը: Անգամ Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ խնդիր եղավ, գնացին վերահաշվարկ արեցին»,- ասաց Սիմիդյանը:

Սիմիդյանը բացառեց, որ ՔՊ թիմում «ավինյանական» եւ «պապիկյանական» թեւերի բաժանում կա:

«Որտե՞ղ եք պառակտում տեսնում, ես ՔՊ անդամ եմ, եւ պառակտում չեմ տեսնում: Ձեր խմբագրություններում էլ կարող են երկու հոգի իրար հետ ավելի մտերիմ լինեն, քան մյուսների եւ այդպես շարունակ: Դավադիր բաներ պետք չէ փնտրել»,- նշեց Հակոբ Սիմիդյանը: