Զոդի կամուրջի վթարի հետեւանքով զոհվածների հարազատները Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են անփոփոխ թողնել Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով մասնակի բավարարվել է նրանց հայցը եւ ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

«Հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Այո, դատապարտյալի պաշտպանը ճիշտ ասաց, որ դեպքի օրը Արտաշատի դիահերձարանում ոչ մի փորձաքննություն չի կատարվել։ Մենք էդ ժամանակ էն վիճակում չէինք, որ պահանջեինք դա, մեր աչքին ոչ մի բան չէր երեւում էն ժամանակ, իսկ էսօր պաշտպանական կողմը հենց դա է մեջբերում։ Ասում են, թե ճանապարհային երթեւեկության կանոններ չեն եղել, բայց 40 տարվա վարորդը չգիտի, որ եթե անգամ երթեւեկության կանոն չկա, ամեն դեպքում կամուրջ է բարձրանում, պետք է արագությանը հետեւի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց վթարի հետեւանքով մահացած 20-ամյա Աստղիկ Ավետիսյանի հայրը՝ Տիգրան Ավետիսյանը։

Զոդի կամուրջի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին պետությունը հանրային պաշտպան է տրամադրել, սակայն Ավետիսյանի խոսքով՝ հանրային պաշտպանները երեք տարիների ընթացքում գործով ոչինչ չեն ձեռնարկել եւ փաստացի նրանք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից։ 

«Ծպտուն չեն հանել հանրային պաշտպանները»,– ընդգծեց Տիգրան Ավետիսյանը։

Անդրադառնալով մեղավոր ճանաչված Սողոմոն Հակոբյանի պաշտպանի հայտարարությանը, թե տուժողները մահացել են ոչ թե Հակոբյանի կողմից «Գազելին» հարվածելու հետեւանքով ստացված վնասվածքներից, այլ հրդեհից ստացված վնասվածքներից, վթարի հետեւանքով զոհվածների հարազատներն ասացին, թե  Սողոմոն Հակոբյանի վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի հարվածը շատ ուժգին է եղել։

«Եթե Սողոմոն Հակոբյանը չհարվածեր, էդ կայծը չէր բռնկվի։ Նրա մեքենայի բախման հետեւանքով զոհվածներից Ժենյայի ոտքերը հայտնվել էին նստարանների արանքում։ Աղջիկն այրվածքներից չէ որ մահացել է, նրան  կրակը հետո է վառել։ Իմ աղջիկն էլ այրվածքներից չի մահացել, նստարանը վրան է ընկել, հետո ծուխն է կուլ տվել ու այրվել»,– ասաց վթարի հետեւանքով մահացած  Ծաղիկ Համբարձումյանի մայրը՝ Կարինե Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով Երեւան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում. ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ իրականացնելով ձախակողմյան երթեւեկություն, իր վարած ավտոմեքենան բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Ասլանյանի վարած «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը, որից անմիջապես հետո «Գազելի» հետնամասին է բախվել Կարեն Նուրիջանյանի վարած «Վազ-21063» ավտոմեքենան առաջամասով եւ նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով «Գազելի» շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել «Գազելում», որը տարածվել է մյուս երկու ավտոմեքենաներում եւ վթարի ու դրա հետեւանքով գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է «Գազելի» վարորդ 1962թ. ծնված Վաչագան Ասլանյանի եւ վերջինիս ուղեւորներ 1965թ. ծնված Անահիտ Բաբայանի, 2003թ. ծնված Արմանի Բադալյանի, 1996թ. ծնված ժենիկ Սմբատյանի, 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի, 1964թ. ծնված Սոֆյա Ոսկանյանի, 1999թ. ծնված Ծաղիկ Համբարձումյանի մահը, իսկ 1984թ. ծնված Ռուզաննա Հակոբյանի եւ 1991թ. ծնված Գագիկ Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 2006թ. ծնված Արսեն Միքայելյանի եւ 2011թ. ծնված Նարե Գրիգորյանի առողջությանը պատճառվել միջին ծանրության վնաս:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

2022 թվականի օգոստոսի 4-ին Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանին դատապարտել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման։ Պաշտպան Մոնիկա Մարգարյանը դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, վարույթ ընդունել բողոքն ու բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, արդարացնել Սողոմոն Հակոբյանին եւ հռչակել վերջինիս անմեղությունը հանցանքի կատարման մեջ։

Մարգարյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությանը միջնորդեց Սողոմոն Հակոբյանի կալանքը վերացնել եւ ազատ արձակել նրան, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Լսելով պաշտպանական կողմի բողոքի բացատրությունները՝ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել՝ դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6–ին, ժամը 15։00–ին։