Վարչական դատարանի առանձնահատկությունն այն է, որ մեզ մոտ մի կողմը միշտ վարչական մարմիններն են, այսինքն պետությունը. դատարանների  գերծանրաբեռնվածության պատճառները երբ քննարկում ենք, մեր պարագայում ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական  մարմինները հիմնականում թերի են աշխատում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։

Նա նշեց, որ անձանց մոտ  վարչական  մարմիններն այն վստահությունը չեն վայելում, այդ իսկ պատճառով քաղաքացիները նախընտրում են անմիջապես  դիմել դատարան, այլ ոչ թե փորձել վեճը լուծել արտադատական կարգով. «Վարչական մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու  պարագայում, բնականաբար, վարչական դատարանի  գերծանրաբեռնվածությունը բավականին կնվազի»,- ասաց դատավորը։

Ռուզաննա Ազրոյանն ասաց, որ դատարանների գերծանրաբեռնվածության նվազեցմանը կարող են հասնել  զրոյական ֆինանսական միջոցներ ծախսելով՝ ընդամենը կատարելով օրենսդրական փոփոխություններ. «Եթե մենք օրենսդրությամբ նախատեսենք, որ վարչական  դատարանում  կարող են գործերը քննվել  գրավոր ընթացակարգով, բացառությամբ  օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, վստահեցնում եմ, վարչական դատարանի  ծանրաբեռնվածությունն ավելի քան  30-40 տոկոսով կնվազի»,- ասաց վարչական դատարանի դատավորը։

Նա նշեց, որ վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերը մեծամասամբ պետք է դուրս գան իրենց վերահսկողությունից,  այսինքն ոչ թե պետք է լեզվի կոմիտեն,  տեսչական մարմինը գա վարչական դատարան համապատասխան  իրավախատումներով և ասի՝  անձին տուգանել, այլ  վերջիններս իրենք պետք է այդ  պատասխանատվության միրջոցը կիրառեն և  համապատասխան վարչական ակտն արդեն իսկ դառնա դատարանի վերահսկողության առարկա։

Դատավորը նաեւ առաջարկեց, որ միայն մեկ անգամ թղթային տարբերակով քաղաքացին ծանուցվի, իսկ դրանից հետո բոլոր ծանուցումները տեղադրվեն համապատասխան կայքում. «Դա պետք է լինի հենց դատական իշխանության պաշտոնական կայքը»:

Նաեւ առաջարկեց, որ որոշ բնույթի գործերով արգելվի վերաքննիչ եւ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը, օրինակ, ընտանեկան բռնությանը վերաբերող գործերով: