Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լուծեն առկա խնդիրները, որից հետո նոր մտածեն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

«Բոլոր կարգապահական վարույթները, որոնք հարուցվում են ԱՆ-ի կողմից եւ էթիկայի հանձնաժողովի կողմից, 95 տոկոսից ավելին պայմանավորված են ժամկետների խախտումներով, դատական ակտերի չտրամադրմամբ, դատական ակտերի ուշացմամբ, զանգերին չպատասխանելով: Հարգելի քաղաքացի, եթե մենք պատասխանում ենք ձեր զանգին, երեք քաղաքացի, որից մեկը դուք եք, ավելի ուշ եք ստանում դատական ակտերը, որովհետեւ մեր աշխատակիցները հեռախոսն առհասարակ ականջից չեն հեռացնում»,-ասաց նա:

Դատավորը նկատեց, որ պետությունն ահռելի միջոցներ է տրամադրել եւ ստեղծել է հակակոռուպցիոն դատարան. «Օրինակ, հակակոռուպցիոն վճռաբեկ դատարանը մոտակա մեկ տարին բողոք չի ունենա, բայց այնտեղ աշխատում են դատավորներ, որոնք ստանում են աշխատավարձ, որը իմ աշխատավարձից երեք անգամ ավել է: Նրանք դեռ մեկ տարի դա ստանալու են՝ չքննելով որեւէ մի բողոք»,-ասաց Նախշքարյանը:

Նա վստահեցրեց, որ ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին ու ստեղծում է ավելորդ լարվածություն. «Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք կարող զարմացնել: Չգիտեմ, կարող է մեկ-երկու հոգի զարմանան, բայց ես հաստատ չէ» ,- ասաց դատավորը: