Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքները Հայաստանն ու հայ ժողովուրդը դեռ երկար է զգալու իր մաշկի վրա, որովհետեւ դրանք բավականին ծանր են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով, տարիներ են պետք, որ նման պարագայում ազգերը կարողանան հաղթահարել այդ պարտության սինդրոմը. «Գլոբալ առումով դա կարող է նաեւ տասնամյակներ տեւել: Երբ նայում ենք պատմությունը, տարբեր ազգեր կարողացել են դուրս գալ այդ վիճակից, եթե կարողացել են անիվը շուռ տալ եւ ապահովել ինչ-որ հաղթանակ: Նույն վիճակում ադրբեջանցիներն էին արցախյան առաջին պատերազմում իրենց պարտությունից հետո: 26 տարի անց նրանք կարողացան անիվը շուռ տալ, հաղթել մեզ, եւ մոտավորապես, նույն իրավիճակում հայտնվեցինք մենք: 26 տարի պետք եղավ, որ իրենք կարողանան իրենց համար այդ ամոթալի էջը թոթափել:

Մեզ էլ ակնհայտորեն պետք են տարիներ, բայց որպեսզի գոնե տարիներ անց կարողանանք թոթափել պարտության ամոթի խարանը, պետք է պատերազմի ավարտից անմիջապես հետո լրիվ այլ քայլեր ձեռնարկեինք: Մասնավորապես, պետք է մեր բոլոր ռեսուրսները ներդնեինք, որպեսզի վերականգնվեինք որպես պետություն, վերականգնեինք մեր բանակը, տնտեսությունը, մեր ռեսուրսները: Միայն այդ պարագայում հնարավոր կլիներ գոնե կանգնեցնել իրավիճակը: Հիմա մեր գահավիժումը դեռ շարունակվում է, ադրբեջանցիները շարունակում են սեղմել, ճնշել, նախաձեռնում են նոր հարձակումներ, ճնշումներ»,-հայտարարեց Կիվիրյանը:

Քաղաքական վերլուծաբանը նաեւ նկատեց, որ 1994-ի հրադադարից հետո ադրբեջանցիները կանգնեցին հտակին եւ դրանից հետո քիչ-քիչ սկսեցին բարձրանալ. «Պատերազմից անցել է երկու տարի, սակայն մեր գահավիժումներն ու անկումները շարունակվում են: Բացի այդ, ազգը մշտապես գտնվում է տագնապի մեջ, որը հյուծում է հասարակությանը: Ամեն օր մենք իմանում ենք հերթական ձախողման, հերթական կորստի մասին:  Քանի որ ադրբեջանցիներն իրենց փորձով տեսել են, որ 1994-ից հետո հնարավոր է վերականգնվել, ամեն ինչ անում են, որ մենք չվերականգնվենք»:

Սակայն, ըստ Կիվիրյանի, մենք ունենք իշխանություն, որն իր առջեւ այդպիսի նպատակ չի դրել. «Այս իշխանությանը հետաքրքրում է միայն իր իշխանությունը, թեկուզ դա լինի Երեւանի մի փոքր հատվածում: Այդ հատվածում իրենք իշխանություն ունենան, ամեն գնով պահեն իշխանությունը եւ իշխեն՝ իրենց պարգեւավճարներ դուրս գրեն, կառավարության ունիտազները փոխեն, ԱԺ ճաշարանը վերանորոգեն: Դա իրենց համար բավարար է: Հայ ժողովրդի գլխին կանգնած է մի քանի աղետ. մեկը հակառակորդն է, մյուսը հակառակորդին չզիջող իշխանությունն է: Դրա պատճառով էլ շարունակվում է այս իրավիճակը»: