Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարություններն անում է Ռուսաստանի եւ Իրանի փոխանցմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում վարչապետի հայտարարություններին:
«Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա սահմանների վերաձեւում իր հյուսիսային հատվածում, Ռուսաստան էլ ակնհայտորեն դժգոհ է Սոչիում Ալիեւի պահվածքից, եւ չի կարող թույլ տալ, որ Արցախում խաղաղապահներ չլինեն: Որոշակի մեսիջներ նրանք Նիկոլ Փաշինյանի բերանով են ուղղում, Նիկոլ Փաշինյանն էլ այլընտրանք չունի:
Նիկոլ Փաշինյանը Սոչիից առաջ հայտարարում էր՝ դե մենք ռուսական մոդելին կողմ ենք, մնում է Ռուսաստանը իր առաջարկները պաշտպանի: Բայց եթե դու հանձնել ես քո բոլոր հնարավորությունները, դու համաձայնել ես, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է մնա, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը կամ Իրանը: Դրա համար ենք ասում, որ բանակցողը պետք է փոխվի: Հիմա Նիկոլ Փաշինյանը փաստացին հայտարարում է, որ իր ամբողջ քաղաքականությունը կրախ է ապրել, իսկ դա նշանակում է, որ պատերազմի հավանականությունը մեծանում է: Եթե բանակցությունները մտնում են փակուղի, պատերազմի հավանականությունը մեծանում է, եւ սա այն դեպքում, երբ ինքն իջեցրել է բոլոր հնարավոր նշաձողերը Արցախի կարգավիճակի եւ Հայաստանի անվտանգության հետ կապված»,-ասաց նա:
Թեւանյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտվել է երկու քարի արանքում. «Այո է ասել եւ վաշինգտոնյան, եւ ռուսական պլաններին: Այս պահին ինքը կողմնորոշվել է ռուս-իրանական ուղղությամբ: Ռուսաստանն ու Իրանը ի հեճուկս Հայաստանի իշխանությունների, դեռեւս պայքարում են ՀՀ-ի եւ Արցախի համար: Իրենք պայքարում են, որ գոնե Արցախի կարգավիճակի հարցը հիմա սառեցվի եւ թողնվի հետագային, ՀՀ իշխանությունը ֆուտբոլի գնդակի կարգավիճակում ուղղակի հայտնվել է այդ դաշտում, իրեն այդտեղից են բրթում: Թե վաղը ինչ կլինի, չեմ կարող ասել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:











