ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի պահպանումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ բոլոր երեք համանախագահները պետք է աշխատեին նաեւ ղարաբաղյան կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։
«Հայաստանը պետք է բարձրաձայնի այդ մտքերը։ Պաշտոնական Երեւանը մշտապես խոսում է այն մասին, որ Ղարաբաղի հետ պետք է աշխատել։ Բայց ո՞վ։ Միայն Բաքո՞ւն։ Դե, եթե այդպես է, կներեք: Ալիեւը վաղուց է պատասխանել այդ հարցին՝ հայտարարելով. «Ես կաշխատեմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների հետ, քանի որ դա մեր ներքին գործն է»։ Այս ամբողջ ընթացքում ի՞նչ արեց Երեւանը, որպեսզի համանախագահները վերջապես որոշեն այցելել Ղարաբաղ։ Հայկական դիվանագիտությունը վերջապես կհասկանա՞, որ այս բոլոր հարցերով ինքը պետք է զբաղվեր»,-դժգոհեց Պողոսյանը։











