Գողությունները տարածված հանցատեսակ են, որոնց դեմ պայքարի ուղղությամբ բազմաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ յուրատեսակ կանխարգելիչ նշանակություն ունեն նաև բացահայտումները: Իսկ այդ առումով առյուծի բաժինը քրեական հետախույզներինն է, որոնց ամենօրյա ծառայությունը հենց հանցագործությունների բացահայտման ուղղությամբ է:

Ներկայացնենք գողությունների մի քանի դեպք, որոնք բացահայտվել են Արմավիրի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց օգոստոսի 18-ին: Լուկաշին գյուղի Երևանյան փողոցում գործող ակումբից գողացել էին բարձրախոսներ, լուսաէֆեկտային լապտերներ, տեսախցիկների հիշողության սարք, հեռուստացույցներ, 300 հազար դրամ և այլն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Արմավիրի ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկություններ, պարզեցին, որ գողությանը մասնակից էր եղել Սարդարապատ գյուղի 29-ամյա մի բնակիչ: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 29-ամյա սարդարապատցու տանը, որի արդյունքում հայտնաբերվեց գողացված ձեռքի ժամացույցը և՝ ոչ միայն: Խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ, Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Իսկ Սարդարապատ գյուղի մեկ այլ տան խուզարկությամբ հայտնաբերվեցին Լուկաշին գյուղի ակումբից գողացված հեռուստացույցներից մեկը և տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը:

Սարդարապատ գյուղի 29-ամյա բնակիչը ձերբակալվեց, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա կալանավորվեց:

Նոյեմբերի 24-ին Արմավիրի ոստիկանները բացահայտեցին գողության փորձի և գողության դեպքեր:

Նախ հաղորդում ստացվեց, որ փորձել էին գողություն անել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել:

Հաջորդ հաղորդումն արդեն գողության մասին էր, որը ստացվել էր ոստիկանության Մեծամորի բաժնում: Մի բնակարանից գողացել էին ոսկյա զարդեր և 30 000 դրամ:

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկություններն ու ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, պարզեցին, որ Երևանի 59-ամյա և Էջմիածին քաղաքի 64-ամյա երկու բնակիչ նոյեմբերի 24-ին, էջմիածինցու Մազդա մակնիշի մեքենայով, գողության նպատակով գնացել էին Արմավիրի Բաղրամյան փողոցի շենքերից մեկն ու փորձել էին բացել բնակարաններից մեկի դուռը, սակայն ներսից ձայներ լսելով՝ դիմել էին փախուստի: Անհաջողությունից, այսպես ասած, չէին հուսահատվել: Գնացել էին Մեծամոր, մեքենան կայանել էին 1-ին թաղամասի սուպերմարկետի մոտ, ապա հարմարեցված գործիքով բացելով մոտակա շենքերից մեկի վերոհիշյալ բնակարանի դուռը՝ գողացել էին ոսկյա զարդեր և 30 հազար դրամ:

Արմավիրի բաժնի, մարզային վարչության, Վաղարշապատի և Մեծամորի ոստիկանների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքի 64-ամյա բնակիչը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք: Նրա Մազդա մակնիշի մեքենան նույնպես հայտնաբերվեց և տեղափոխվեց Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երևանցի հանցընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ: