Երբ դիվանագետները բացահայտ դժգոհություն են հայտնում միմյանց նկատմամբ, դա ճգնաժամի ինդիկատոր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հայտարարությունները՝ կապված Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպելուց Արարատ Միրզոյանի հրաժարվելու հետ։

«Եթե Լաչինի միջանցքում հաջողվի ապաշրջափակել ճանապարհը՝ ոչինչ չտալով, ապա կարելի է ասել, որ այս տեսակի վարքագիծը գոյության իրավունք ուներ։ Դժգոհություն կա, որ խաղաղապահները չեն կատարում այն պարտավորությունները, որոնք կարծես թե պետք է կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Մյուս կողմից, ռուսները դժգոհ են, որ չեն կարողանում կատարել այդ պարտավորությունները։ Այդ դժգոհությունները բաց եթեր են դուրս գալիս, ինչը այնքան էլ լավ չէ»,- հավելեց փորձագետը:

Ներկայիս իշխանությունների օրոք միջազգային հարթակում եղած դիսկուրսները հանրությանը տրամադրելը, ըստ նրա, կապված է ներքաղաքական իրականության վրա աշխատանքի հետ։

«Իսկ ներքաղաքական իրականության մեջ Ռուսաստանի հանդեպ դժգոհության պահանջը բավականին մեծ է»,- եզրափակեց նա։