Ես պետք է 8 ոստիկանի հետ առերեսվեմ, դեռ մեկի հետ եմ հանդիպել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց անհետ կորած զինվորի մայր Գոհար Դավթյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի գործին։

«Ինձ երկու անգամ են տարել այդ տարածքից»,-ասաց նա։

Հարցին, թե այդ ոստիկանն ընդունո՞ւմ էր իր մեղքը, տիկին Գոհարը պատասխանեց. «Տվյալ ոստիկանը, որ ինձ հետ առերեսվել է, ոչ։ Քանի որ մեզ ասել են, որ քննչական պրոցեսն իրավունք չունենք բարձրաձայնելու, մանրամասներ չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ նա չէր զղջում իր արարքի համար»։

Նա հավելեց, որ իրեն բռնությամբ տանելիս մարմնական վնասվածքներ է ստացել. «Քերծվածք ունեի, հետագայում ձեռքերիս ու ոտքերիս կապտուկներ հայտնվեցին։ Ողնաշարի ցավ ունեի, որ տարել, գցել էին գետնին։

Ոստիկանների կողմից ինձ որեւէ պահանջ չէր ներկայացվել։ Առանց պահանջի իրենց գործն արեցին։ Բոլորը նկարված կա»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: