Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երկրորդ հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Բանակում» հեռուստասերիալը:

Նախաձեռնությունը գտնում է, որ, բացի դիտողների ճաշակի վրա ահռելի բացասական ազդեցություն ունենալուց, այդ սերիալն ավելի է խորացնում հասարակություն-բանակ ճգնաժամը:Փոստի միջոցով «Բանակում» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը, իսկ այսօրվա ֆավորիտ դարձած «Բանակում» հեռուստասերիալի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված: