ԵՄ դիտորդական առաքելությունը, իհարկե, իդեալական չէ, մենք կուզեինք ունենալ խաղաղապահներ կամ միջազգային կազմակերպություն, որը կկարողանար խաղաղապահական առաքելություն իրականացնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին:
«ԵՄ առաքելության առաջին դիտորդներն արդեն եկել են, նրանք, ովքեր Գորիսում են, կարողացել են մտքերի փոխանակում կատարել։ Այս առաքելությունը կունենա միջոցներ կատարելու դիտորդական առաքելություն։ Իհարկե, դրանք զորքեր չեն, որոնք տեղակայված են սահմանին, նրանք նույն կարգավիճակը չունեն, ինչ ունեն ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում։ Դիտորդական առաքելության չեզոքությունը ճանաչված է Եվրոպայում։ Առաքելությունը պետք է աշխատի հայկական տարածքում, վերահսկի, որ Ադրբեջանի կատարած ագրեսիան փաստագրվի։ ԵՄ դիտորդական առաքելությունը, իհարկե, իդեալական չէ, մենք կուզեինք ունենալ խաղաղապահներ կամ միջազգային կազմակերպություն, որը կկարողանար խաղաղապահական առաքելություն իրականացնել։ Իհարկե, սա էլ առաջին քայլն էր»,- ասաց պատգամավորը։
Ֆրանսիացի պատգամավորի խոսքով՝ անվիճելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը միտումնավոր կերպով զրկված է գազից, լույսից, ինտերնետից։
«Բոլորս հասկանում ենք, որ դրանք արվում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղին դրդեն տարածքը լքել, բայց այս ամենը պետք է փաստագրվի, որպեսզի լինի ճնշում, մատակարարումների դադարացումներ չլինեն։ Եվրոպական միությունը կարող է որոշակի գործիքակազմով, որը կիրառվում է նաեւ Ուկրաինայում, նաեւ կիրառել Ադրբեջանի վրա, որպեսզի դադարեցվի նման վարքագիծը, որը հակառակվում է միջազգային իրավունքին»,- ընդգծեց Ֆրանսուա Ալֆոնսին ։











