Տարածքային վեճերն անխուսափելիորեն կապված են պատմական անցյալի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Երեւանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին իր ելույթում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու Լեւոն Գեւորգյանը:

Նա որպես օրինակ ներկայացրեց այն, որ 1950-ականներին Միացյալ Թագավորությունները եւ Ֆրանսիան Արդարադատության միջազգային դատարան էին ներկայացրել Լա Մանշի մի շարք կղզյակների վերաբերյալ իրենց տարածքային վեճը, դատարանը քննարկումը սկսել է 1066 թվականից:

Գեւորգյանի խոսքով՝ Արցախի ինքնորոշման հարցի մասին հստակ պատկերացում ունենալու համար անհրաժեշտ է քննարկումը սկսել 1918 թվականի մայիսից;

Նա շեշտեց, որ Հայաստանը գործ ունի հակառակորդի հետ, որն ամենօրյա կտրվածքով ներգրավված է նարատիվների կառուցման եւ նարատիվների աղավաղման գործընթացի մեջ.

«Հակառակորդը զբաղվում է թե՛ պատմությունների կեղծմամբ, թե՛ անցյալի հետ կապված որոշակի դրվագների բարձրաձայնմամբ եւ ստեղծում է իրավական կեղծ պահանջատիրություն՝ հենվելով անցյալի վրա:

1918 թվականի մայիսն այն դրվագն է Արցախյան հակամարտության սկիզբը, որովհետեւ ունենք երկու անկախության հռչակագրեր, որոնք անխուսափելիորեն հակասում են մեկը մյուսին: Ադրբեջանի անկախության հռչակագիր, որը հայտարարում է Ադրբեջանի սուվերենությունը Անդրկովկասի փոխարքայության հարավային եւ արեւելյան շրջանների նկատմամբ, եւ Հայաստանի անկախության հռչակագիր, որը հայտարարում է Հայաստանի ինքնիշխանությունը հայկական շրջանների նկատմամբ»:

Լեւոն Գեւորգյանն ասաց, որ ադրբեջանական ընկալմամբ Անդրկովկասի փոխարքայության հարավային եւ արեւելյան շրջաններ ասելով նկատի է ունենում Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ, այսինքն՝ Սյունիք, Արցախ, Գանձակ եւ բնականաբար Բաքվի գավառը, ինչպես նաեւ Նախիջեւանը.

«Այս փաստաթուղթը ինկորպորացված է Ադրբեջանի սահմանդրության մեջ: Երբ խոսում ենք այդ պետության հետ հավանական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման, խաղաղության դարաշրջանի կերտման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, ապա պետք է գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որն իր սահմանադրական ռեժիմի մակարդակում հերքում է Հայաստանի անգամ 29 հազար քառակուսի կիլոմետրի կոնցեպտը իրավական մակարդակում: 1919 թվականի հունվարին Բաքվում տեղակայված անգլիական զինված ուժերը ադրբեջանցի Խոսրով բեկ Սուլթանովին նշանակում են Արցախի եւ Սյունիքի ժամանակավոր ադնիմիստրատոր, առաջին փաստաթուղթը, որը հղում է Հայաստանի ԱԳ նախարար Սիրական Տիգրանյանի ձեռամբ ստորագրված, դա բողոքի նոտան էր, որտեղ նշվում էր, որ Միացյալ Թագավորության կողմից այս գործողությունը գնահատվում է որպես Հայաստանի տարածքային ինքիշխանության ոտնահարում: Սրան հաջորդում է կարեւոր հանդիպում Երեւանի տարածքում անգլիական զինված ուժերի եւ հայկական կողմի մասնակցությամբ, որտեղ անգլիական կողմը բացահայտ ասում է, որ սա միայն ժամանակավոր լուծում է, եւ դա իր հիմքում ունի բացառապես միայն հումանիտար նկատառում: Ըստ անգլիական կողմի՝ հումանիտար նկատառումն այն էր, որ պարզապես դեպի Արցախ պարենի մատակարարումը Բաքվից օպերատիվ կերպով ավելի հեշտ էր իրականացնել: Հայկական կողմն էլ առարկություններն է ներկայացնում այդ մասով»:

Անդրադառնալով Շուշիի 1919 թվականի օգոստոսի 12-ի ժամանակավոր համաձայնագրին՝ Գեւորգյանն ասաց. «Երբ Շուշիի մոտակայքում գտնվող մի շարք հայկական գյուղերում թուրքական եւ ադրբեջանական հրոսակախմբերի կողմից իրականացվում են ջարդեր, Շուշիի տեղական հայկական խորհուրդը ստիպված է լինում ադրբեջանական կողմի հետ ստորագրել Շուշիի ժամանակավոր հայտարարությունը, որտեղ ճանաչվում է  Խոսրով բեկ Սուլթանովի ժամանակավոր ադնիմիստրացիան, ընդուպ մինչեւ Փարիզի խաղաղության վեհաժողովում 2 պետությունների միջեւ սահմանագծի հստակեցումը: Տիտղոսակիր պետությունը չի կարող ինքնին լինել ժամանակավոր ադնիմիստրատոր իրեն իսկ պատկանող տարածքի: Փարիզի վեհաժողովում ընդունվում է Սեւրի պայմանագիրը, որն այդպես էլ չի վավերացվում, խնդիրը մնում է առկախված»:

Նա նշեց, որ ԽՍՀՄ-ի տրոհումից հետո մենք իրականում ունենք ոչ թե Արցախյան հակամարտության սկիզբ, այլ հակամարտության վերաբացում:

Անդրադառնալով տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դիսկուրսին՝ ասաց, որ առնվազն իրավական մակարդակում 2010 թվականից կարելի է համարել փակված.

«Արդարադատության միջազգային դատարանը մեկնաբանելով տարածքային ամբողջականության սկզբունքը հստակ նշել է, որ այն սկզբունք է, որը գործում է միջպետական հարթակում եւ ուղղված է նախեւառաջ ուժի գործադրման միջոցով տարածքային նվաճումների արգելքին»:

Սահմանների անխախտելիությունը, նրա խոսքով, քաղաքական սկզբունք է, որը ունի կոնկրետ քաղաքական համատեքստ.

«Դա ԽՍՀՄ-ի գոտու ընդարձակումն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դա քաղաքական երաշխիք էր Խորհրդային բլոկի կողմից տրված Արեւմտյան Եվրոպայի երկրներին առ այն, որ Խորհրդային բլոկը չի պատրաստվում ընդարձակվել: Այս սկզբունքները որեւէ կապ չունեն խորհրդային սահմանների շարունակականության հետ: Դա ադրեջանական թեզ է, որը պրոակտիվորեն սկսել է տարածվել Ադրբեջանի կողմից սկսած 2008-ից, ցավոք, այն այսօր տեղ է գտել նաեւ հայկական խոսույթում, որն անընդունելի է»:

Գեւորգյանը շեշտեց, որ միջազգային իրավունքում չկա վարչական սահմանների ավտոմատ շարունակականության պարտադիր նորմ, այն ադրբեջանական նարատիվ է:

Ինքնորոշման իրավունքի մասին խոսելիս Լեւոն Գեւորգյանը հիշատակեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի արձանագրումը. «Անկախության հռչակագրերը չեն կարող խախտել տարածքային ամբողջականության սկզբունքը, այսինքն՝ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ արհեստական հակադրությունը իրականուոմ իրավական տեսանկյունից նոնսենս է: Դատարանն անդրադարձել է նաեւ մի շարք դեպքերի, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տարբեր պետությունների անկախության հռչակագրեր որակել է որպես անվավեր, պարզաբանել է, որ բոլոր այս դրվագները իրականում կապ ունեն ոչ թե անկախության հռչակագրի անվավերության հետ, այլ թե ինչպիսի միջոցներով է անկախության հռչակագիրը իրականում ընդունվել: Բոլոր դրվագներով այս կամ այն կերպով կապ ունեն ֆունդամենտալ միջազգային իրավունքի որեւիցե մի նորմի խախտման հետ»:

Նա հիշեցրեց, որ այն պահին, երբ ընդունվում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, Արցախի անկախության հռչակագիրն արդեն իսկ ընդունված էր. «Այդ 4 բանաձեւերից որեւիցե մեկում չկա անկախության հռչակագրի քննադատում, չկա որակում կամ կոչ՝ չճանաչելու Արցախը որպես անկախ սուբյեկտ, չկա որեւիցե իրավական գնահատական, թե Արցախը կայանում է կամ ձեւավորվում է միջազգային իրավունքի նորմի խախտման գործընթացի միջոցով: Այս 4 փաստաթղթերը, որոնք ցավոք մեր իրականությունում հաճախ մեզ հրամցվում էր որպես պարտություն, որովհետեւ օգտագործվում էր եզրույթ 7 շրջանների մասին, որն անընդունելի էր հայաստանյան կողմի համար, սակայն իրականում այդ փաստաթղթերում դրված է այն իրավական բազան, որը կարող է այնուհետեւ հիմք ծառայել Արցախի ինքնիշխանության կայացման համար: ՄԱԿ-ի կենտրոնական քաղաքական մարմին ունենք, որը պատասխանատու է միջազգային անվտանգության եւ խաղաղության համար: 4 անգամ ներգրավվել է խնդրի մեջ եւ որեւիցե գնահատական չի տվել Արցախի ինքնորոշման կամ անկախության հռչակագրի համար, ոչ որակել է Արցախը որպես Հայաստանից կախյալ սուբյեկտ եւ դելեգրացրել է խնդրի կարգավորումը Մինսկի խմբի ֆորմատին, որն այսօր պարալիզացված է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում»: