Երեւանում, այսօր` սեպտեմբերի 21-ին, Սարյանի արձանի մոտակայքից մի խումբ ակտիվիստներ բողոքի քայլերթ են իրականացրել` ընդդեմ Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ օտար զորախմբերի եւ դրոշների, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Քայլերթը նախատեսված էր ժամը 09:00-ին, սակայն սկսվեց մի փոքր ուշացումով: Քայլերթին մասնակցել է 10-12 մասնակից: Սարյանի արձանի շրջակայքում բազամթիվ ոստիկաններ կային: Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Ղազարյանը մոտեցավ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին: Նա հորդորեց որեւէ ակցիա չանցկացնել, ասելով, որ «վերեւներում շատ լավ մտածում են այդ ամենի մասին»:
Այնուհետեւ ոստիկանները խլեցին ակցիայի մասնակիցների պաստառները, որոնց վրա գրված են. «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Ոչ ռուսամոլությանը»:
Ակցիան մեկնարկելուն պես, մասնակիցները դրոշներով, բայց արդեն առանց պաստառների, շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, սակայն ոստիկանները Լեւոն Բարսեղյանին եւ «Մենք դեմ ենք ռուսամոլությանը» շարժման անդամ Առնո Կուրին բերման ենթարկեցին ոտիկանության Կենտրոնի բաժին: Այսպիսով ակցիան ավարտվեց սկսվելուն պես:
Այս պահին ակտիվիստների մի մասը գնում է ոստիկանություն, որպեսզի փորձեն ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Կուրին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Facebook սոցիալական ցանցում մի խումբ ակտիվիստներ Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, որոշել են բողոքի քայլերթ կազմակերպել` ընդդեմ Հայաստանի անկախության տոնին օտար զորախմբերի եւ դրոշների: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին, սեպտեմբերի 21-ին, մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:











