«Էրեբունի-Երեւան 2793» տոնական միջոցառումների շրջանակներում Երեւանի Անգլիական այգում տոնական համերգին զուգահեռ՝ այս պահին նաեւ ընթանում է «Առողջ երեւանցի» ակցիան: Այն կազմակերպել է Երեւանի քաղաքապետարանը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի առողջապահության վարչության մշտական ծառայության պետ Արեւհատ Մուրադյանը, ամենատարբեր մասնագիտությունների տեր բժիշկները՝սրտաբաններ, մանկաբույժներ, ակնաբույժներ,տոքսիկոլոգներ եւ այլն, միջոցառման շրջանակներում, երեւանցիներին սովորեցնոմ են առաջին բուժօգնության հիմունքները, թե ինչպես առաջին օգնություն ցույց տալ երկրաշարժի եւ տարարային այլ աղետների ժամանակ տուժածներին, արվածքներ, կոտրվածքներ ստացած մարդկանց, ինչպես նաեւ սննդային թունավորումների դեպքում: «Սովորեցնում ենք նաեւ շտապ բուժօգնություն ցուցաբերել օձերի եւ թունավոր միջատների խայթոցների դեպքում»,- նշեց Մուրադյանը՝ նկատելով, որ միջոցառման մեկնարկից ՝ առավոտյան ժամը տասնմեկից, իրենց «դասընթացներին» բազմաթիվ երեւանցիներ են մասնակցել: «Ցանկացողները մոտենում են մասնագետներին, անվճար խորհրդաըտվություն անցնում, անգամ հնարավորություն կա տեղում ուլտրաձայնային հետազոտություն անցնել»,-տեղեկացրեց Մուրադյան:
Հատկանշական է, որ Անգլիական այգում կա նաեւ Շտապօգնության մեքենա, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնություն ցուցաբերել այստեղ զբոսնող եւ տոնական համերգին մասնակցող քաղաքացիներին:
Ակցիան Անգլիական այգում կտեւի մինչ ուշ երեկո:











