Հայաստանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2793-ամյակի առթիվ իր դռներն է բացել հյուրընկալ «Վարպետների քաղաքը»:

«Վարպետների քաղաքում» հյուրերին դիմավորել է Էրեբունի-Երեւանի ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինը, ում հետ ցանկացողները կարող էին նկարվել:

Հնուց ի վեր, Երեւանը հպարտանում էր իր բազմաթիվ վարպետներով, որոնք հոյակապ տիրապետում էին դարբնությանը, քանդակագործությանը, ոսկերչությանը, գորգագործությանը, կաշվեգործությանը եւ այլն: Հյուսիսայի պողոտան այսօր լի էր վարպետների աշխատանքներով, որոնք պարունակում են նախորդների արհեստավորական ավանդույթները:

«Վարպետների քաղաքում» ներկայացված են ճենապակե գործեր: Նշենք, որ առաջին հայկական ճենապակե արվեստի առաջին նմուշները թվագրվում են էնեոլիթի դարաշրջանով: Այդ շրջանի ճենապակե արվեստի լավագույն նմուշները ափսեներն են, բաժակները եւ սափորները: Այսօր, պահպանելով հին ավանդույթները, ժամանակակից վարպետները ձգտում են ստեղծագործության նոր ձեւերի:

Իսկ ջուլհակուհիները ցանկացողներին ցուցադրեցին ձեռագործ գորգագործության ընթացքը: Հայտնի է, որ հայերի կենցաղում միշտ էլ պատվավոր տեղ է գրավել գորգը: Հայկական գորգերը առանձնանում են հարուստ դրվագներով, վառ եւ ներդաշնակ գունային համադրությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր ազգագրական շրջան` Անին, Բայազետը, Դվինը, Լոռին գորգագործության մեջ թողել են իրենց ուրույն ձեռագիրը:

Ձեռագործ արվեստի վերպետները եւս ներկայացրել են իրենց աշխատանքները, բացի այդ «Վարպետների քաղաքի» այցելուները կարող էին ոչ միայն հիանալ հայկական ավանդական խաղալիք-հուշանվերներով, այլ նաեւ ձեռք բերել դրանք:

Արհեստավորների հետ միասին իրենց արվեստն են ներկայացրել Թերլեմեզյանի անվան Երեւանի գեղարվեստի պետական ուսումնարանի սաները, որոնք տեղում նկարներ էին նկարում եւ ֆիգուրներ ստեղծում:

Հյուսիսային պողոտայում գործում է նաեւ գրքերի վաճառք, որի շրջանակներում իրականացվում է «Օգնենք Հովհաննես Գրիգորյանին» ակցիան: Նույնանուն նախաձեռնողական խմբի անդամները իրականացնում են գրքերի վաճառք, որից ստացված երկամուտները փոխանցվելու են բանաստեղծ Հ. Գրիգորյանին, ում մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: