ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը համաձայն չէ, որ ադրբեջանցիներն անարգել ներթափանցել են Հայաստանի տարածք:
NEWS.am-ի հարցին, թե ինչպես է գնահտում փաստը, որ ադրբեջանցիներն անարգել ներթափանցել են ՀՀ տարածք, նա պատասխանեց. «Ես չեմ կիսում ձեր գնահատականները, կարծում եմ՝ իրավապահներն անպայման այդ հարցին կանդրադառնան: Այն պնդումը, որ դուք ձեր հարցում անում եք, կարծում եմ՝ իրականությանը չի համապատասխանում: Սա ուղղակի մեդիա դաշտում տարածված որոշակի բովանդակություն ունեցող բովանդակություն է: Ներթափանցումն արձանագրված է, կա ձերբակալված, տեսնենք՝ իրավապահներն ինչ կասեն»:
Հարցին, թե Դուք ձեզ անվտանգ զգո՞ւմ եք, որ ադրբեջանցիներից մեկը դեռ ձերբակալված չէ, այս տնից մյուս տուն է գնում, նա պատասխանեց. «Որտեղի՞ց ձեզ տեղեկությունները, որ այս տնից այն տուն է գնում: Անվտանգ զգալու խնդիր չկա: Տեղի է ունեցել միջադեպ, միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալված է, սպասենք, տեսնենք, թե միջադեպի մյուս մասնակցի գործողությունը իրավապահ համակարգն ինչպես է կազմակերպում եւ ինչպես է մեկնաբանում:
Կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգը այսօր բավականին պատասխանատու իրավիճակում բարձր պրոֆեսիոնալիզմով կատարում է իր աշխատանքը՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՆԳՆ-ն: Այս ամենի համադրության արդյունքում ես մեր քաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ-ում թե իրավական, թե մնացած առումներով օրենքը գործում է եւ այն հավասար է բոլորի համար»:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը չցանկացած պատասխանել նույն հարցերին՝ նշելով միայն. «Այո, ես որպես քաղաքացի ինձ անվտանգ եմ զգում, հարցերի չեմ ցանկանում պատասխանել»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Նշենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնք։











