Մենք միշտ խոսում ենք վերեվարված զինծառայողների հարազատների հետ, պարբերաբար հանդիպումներ լինում են, եւ գործադիրի ներկայացուցիչներն են հանդիպում, եւ Շիրակի մարզպետն է հանդիպում գերիների ծնողների հետ ու ներկայացնում այն իրավիճակը, որը հիմա ունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով նրան, որ գերիների ծնողներն ու հարազատները այս պահին փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը:
«Քանի որ ես հիմա այստեղ եմ՝ ԱԺ-ում, չեմ կարող ասել, թե հենց հիմիկվա ճանապարհ փակելը ինչի մասին է, ինչ են պահանջել այդ մրդիկ: Բայց առհասարակ նրանց հետ հանդիպումներ, տեղեկատվության փոխանակում միշտ լինում է»,-ասաց նա:
Նշենք, որ Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն արդեն 5 ժամից ավելի է, որ փակ են պահում Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։
NEWS.am-ի հետ զրույցում գերիներից մեկի հարազատը՝ Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այս պահին ճանապարհը բացել չեն պատրաստվում։ Հարազատները դժգոհում են, որ բազմիցս այցելել են Արտաքին գործերի նախարարություն, Կառավարություն, սակայն նրանց չեն ընդունել։
Նրանց է այցելել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը:











