Վարչապետը շատ ճիշտ է ասել, որ հայրենասիրության մեր մոդելը իսկապես պետք է փոխվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Դրա վառ ապացույցն այն է, որ եթե մենք վերցնենք փաստը, որ 1894-1896 թվականներին հայկական առաջին կոտորածներից հետո մինչեւ հիմա չի կարողացել իր գլխավերեւից եղեռնի վտանգը հեռու քշել, ուրեմն իսկապես մեզ մոտ մի կարեւոր բան կա սխալ: Եթե 130 տարի առաջ վտանգ է կախված եղել քո գլխին ու այսօր էլ է կախված, ուրեմն դու սխալ ես ապրել, սխալ ճանապարհ ես անցել ու պետք է վերանայես, որ կարողանաս վերջապես այդ վտանգը վերացնել: Այլապես դուրս կգա, որ դու պարզապես գոյատեւել ես, ինչքան հնարավոր է եղել»,-ասաց նա:

Հարցին, թե որն է եղել մեր սխալը, Ասլանյանը պատասխանեց. «Հենց հայրենասիրության մոդելը, որը հենված է եղել այսպես կոչված, վրեժխնդրության, հուզականության, այնպիսի բաների վրա, որոնք գուցե անհրաժեշտ են մարդուն, բայց դրանք հետագա արդյունք չեն տալիս: Եթե այսօր ես մի բան անում եմ, գուցե լավ է, բայց վաղը կարող է դրա համար եռակի տուժեմ, ուրեմն ես անխելք մարդ եմ»:

ՔՊ-ակն պատգամավորն անդրադարձավ նաեւ «Նեմեսիս»-ի արձանի տեղադրմանը՝ նշելով. «Ի՞նչ է նշանակում «Նեմեսիս»-ի արձանը: Եկեք հասկանանք դա ինչ օգուտ բերեց մեր ժողովրդին եւ ինչ վնաս տվեց մեր երկրին: Միջազգային հանրության մոտ Թուրքիան կրկին բաց ասաց, որ տեսեք, հայերը շարունակում են մնալ ահաբեկիչներ եւ մեծարում են իրենց ահաբեկիչներին: Հնարավոր չէ՞ր այդ արձանի բացումը թողնել մի այնպիսի ժամանակաշրջանի, երբ մնացած հարցերը  լուծված լինեին: Սա իմ անձնական կարծիքն է: Եթե ես լինեի, դա հիմա չէի անի: Դա կանեի այն ժամանակ, երբ իմ երկրին ոչ մի վնաս չէր բերի»:

Հակոբ Ասլանյանի խոսքով, այսօր Թուրքիան փորձում է մեր հեղինակությանը կպնել, մեզ ներկայացնել որպես ահաբեկիչներ, չնայած աշխարհի ամենամեծ ահաբեկիչը ինքն է. «Հայկական կոտորածներ կազմակերպած Թալեաթի, Ջեմալի, Էնվերի անուններով փողոցներ կան Թուրքիայում: Այդպես է, որովհետեւ ՀՅԴ-ն իր կուսակցական բավարարվածությունը ստանալու համար ոչնչացրեց այդ միջազգային հանցագործներին: Եթե նրանք ապրեին եւ կանգնեին միջազգային դատարանի առջեւ, ոչ թե դառնային ահաբեկչության զոհ, այլ իրավիճակ կլիներ: Նրանց սպանությունը նրանց թուրքական իրականության մեջ դարձրեց հերոսներ:

Դաշնակներ, փոխանակ նրանց գտնեիք, սպանեիք, վրեժխնդրության սուտ պաթոսի վրա հեղինակություն ձեռք բերեիք, պետք է անեիք ամեն ինչ, որ նրանք կանգնեին միջազգային դատարանի առջեւ, ճանաչվեին միջազգային հանցագործներ»,-ասաց նա: