Խորհրդարանն ինձ համար դադարել է լինել այն տեղը, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել այս իշխանությունների դեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝

«Հավատացեք, որևէ մեկին, այդ թվում՝ նաև ինձ, մեր հանրությունը, ընդդիմադիր քաղաքացիները մեզ ձայն չեն տվել, որ գնանք և իշխող ուժի հետ ինչ-որ հարցեր քննարկենք։ Մեզ մանդատ են տվել մի բան համար, որ քշենք այս իշխանություններին։ Ի՞նչ հարցեր էին տալիս այն օրը որոշ ընդդիմադիր պատգամավորներ. ինձ համար անընդունելի է և ես համարում եմ, որ խորհրդարանն այլևս այն տեղը չէ, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել», - ասաց Վանեցյանը։

Հարցին, թե կասկածո՞ւմ է ընդդիմադիր խմբակցություններին իշխանության հետ համագործակցության մեջ՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, չեմ էլ մեղադրում։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ և գործիչ իր որոշումն է կայացնում»։

Արթուր Վանեցյանն ասաց նաև, թե խորհրդարանական ընդդիմության հետ որևէ տարաձայնություն չունի. «Բոլորն իմ ընկերներն են, բոլորի հետ ունեմ նորմալ հարաբերություններ»։