Եթե դուք ուշադրություն դարձնեք, թե ինչ քառակուսի կիլոմետրերի մասին էր խոսում Շառլ Միշելը, ապա, ըստ էության բանակցային գործընթացի մի հատվածն ստացել է իր որոշակի պատասխանը՝ կապված այն խնդրի հետ, թե ինչպես է ենթադրվում Արցախի կարգավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, նա նշեց, որ խոսքը միջազգային երաշխիքների, միջազգային ինստիտուցիոնալ լուծումների մասին է, որոնք կարող են ապահովվել արցախահայության համար: «Ըստ էության խոսքը արցախահայության կյանքի տեսլականի մասին բանակցային գործընթացի մասին է: Եթե մենք դիտարկում ենք չոր մաթեմատիկական քառակուսի կիլոմետրերը, ենթադրվում է, որ այս բանակցությունների արդյունքներից մեկն այն է, որ հաջորդ քայլը վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու անմիջական բանակցություններին՝ արցախահայության ապագային վերաբերող միջազգային մեխանիզմների ձեւավորմանը եւ ինստիտուցիոնալ լուծումներին Ադրբեջանի պետության կազմում, կամ դրա կողքը»:
Հարցին, թե ովքեր են այդ միջազգային երաշխիքները տալու արցախցիներին: Ինչ երաշխիքների մասին կարող է խոսք լինել, ԵՄ-ն կարո՞ղ է տալ այդպիսի երաշխիքներ, Մարկարովը պատասխանեց. «Առաջնային խոսքը վերաբերում էր մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին է: Ինչպես գիտեք, ժողովրդավարական պետություններում այդ երաշխիքները տալիս է ժողովրդավարական պետությունը: Հաշվի առնելով ադրբեջանական վարչակարգի ոչ ժողովրդավարական լինելը, այստեղ խոսքը կարող է լինել միայն միջազգային երաշխիքների մասին: Իսկ դա առնվազն պետք է ենթադրի արցախահայության ինքնավարության առկայություն եւ եթե չենք խոսում անկախության մասին, ապա ինքնավարության լայն հնարավորություն: Սա եւս նրանք չեն ստանում, որովհետեւ ադրբեջանցիները իրենց պետությունն ընկալում են ունիտար, ոչ թե դաշնային:
Արցախի իշխանությունները եւ հասարակությունը բազմիցս հայտարարել են, որ իրենք տեսնում են իրենց կարգավիճակը որպես դե ֆակտո գոյություն ունեցող պետություն, որը ձգտում է միջազգային ճանաչման: Նրանք համաձայն չեն Արցախը տեսնել որպես Ադրբեջանի մաս: Բայց մենք այսօր չենք տեսնում մեխանիզմներ ու երաշխիքներ, որոնք կարող են դա ապահովել»:











