Նիկոլն ինքն իր հնարքի տակ է մնացել, երբ հայտարարեց՝ մենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի համար ենք պայքարում, Ադրբեջանն էլ ասաց՝ ես էլ տարածքների թիվ ունեմ, դա էլ նշեք՝ 86 600: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Երբ դա նշում եք, պարզ է դառնում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Եթե մենք դրան համաձայնում ենք, եթե Նիկոլը վեր է կենում եւ հստակ ասում այն պահանջը, որը Ալիեւն է դրել իր առաջ, որ պետք է ասես՝ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ»… Մենք մոտեցել են դրան, մի օր դա հստակ ասվելու է: Արդեն ասված է, ըստ էության, ովքեր հասկանում են, արդեն հասկացել են դա: Մյուսները պետք է թմբիրից դուրս գան: Հայաստանն այդ գիծն է տանում, որ տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը: Այսօր մենք հայության բոլոր ռսուրսները պետք է մոբիլիզացնենք, եռամիասնությունը պետք է օր առաջ վերականգնվի, իսկ դա չի կարող կայանալ հանձնվելու գաղափարի շուրջ, պետք է կայանա պայքարի գաղափարի շուրջ: Պետք է գան ուժեր, որոնք կարող են պայքար տանել: Պետք է հասկանան, որ եթե չկա պայքար, կա ինքնասպանություն եւ ինքնաոչնչացում»,-ընդգծեց Ռուստամյանը: