Սովորական երեւույթ է, որ պատերազմող կողմերը բանակցել են եւ այդ ընթացքում կողմերը հայտնվել են ավելի սուր լարման մեջ, քան մինչ այդ էր. օրինակ, Վիետնամի պատերազմի ժամանակ երբ ընթանում էին բանակցություններ, ամերիկյան ռմբակոծիչները հսկայական քանակությամբ ռումբեր էին լցնում Վիետնամի վրա, որ բանակցություններն իրենց հունով տանեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը:
«Հիմա Ադրբեջանի համար լարումը չի կարող կրճատվել, որովհետեւ այն իրավիճակը, որ ստեղծվել էր Հայաստանի համար 44-օրյա պատերազմից հետո, փոխվել է արմատապես: Այսինքն ի հայտ է եկել աշխարհաքաղաքական նոր խաղ, համշխարհային մեծ շրջադարձ, որի մեջ գոյություն ունեցող հսկայական հատվածների տարանջատման անխուսափելի դարձած գործընթացը ներառում է իր մեջ Հայաստանը, Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ինչ-որ չափով՝ Չինաստանը: Այսինքն այն վակուումը, որի մեջ հայտնվել էր Հայաստանը, այսօր այլեւս չկա, դեռ ավելին, գոյություն ունեն երկրներ, որոնք պատրաստ են ոչ միայն օգնել, այլեւ մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին, ինչը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանի ղեկավարությանը, հատկապես ելնելով նրանից, որ իրենց պատկերացվող օգնությունը՝ ուղղակի զորամիավորումներ, հետախուսական հնարավորություններ, Թուրքիայից է, որը ծայրահեղ ծանր հարված է ստացել երկրաշարժի տեսքով, հիմա էլ ընտրությունների մեջ է»,-ասաց Վարդան Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ Ադրբեջանը համարում է, որ իր գլխին, ինչպես նաեւ Հայաստանի գլխին կախված է Դամոկլյան թուրը, որը գնում գալիս է եւ չգիտես՝ երբ կպոկվի, կընկնի ու կհատի պարանոցդ. «Եթե Ադրբեջանը թույլ է տվել, որ իր տարածքում կառուցվեն աերոդրոմներ, որտեղից պետք է հարձակում լինի Իրանի վրա, եթե Ադրբեջանի ներսից արդեն հրթիռներ են բաց թողել Իրանի վրա, եթե Իրանի զորքը, ըստ էության, ամբողջությամբ պարուրել է այդ հատվածը, եթե դրա մեջ ներքաշված է միջուկային զենքով զինված Իսրայելը, Ադրբեջանը հասկանում է, որ ինչպես Հայաստանը կարող է շատ բան կորցնել, ինքն էլ կարող է կորցնել համարյա ամեն ինչ: Այսպիսին է իրավիճակը:
Ադրբեջանը լցված է ԱԹՍ-ներով, ռմբակոծիչներով եւ դրանք ուղղված են Իրանի դեմ: Դա բոլորը գիտեն: Այս տեսակետից մենք պետք է մինչեւ վերջ խորանանք այդ հարցերում՝ մաքսիմալը ստանալու համար, ինչպես սատարման, այնպես էլ միջազգային զարգացումների ցանկալի հունի տեսակետից»,-ընդգծեց Վարդան Խաչատրյանը:
Նա նկատեց, որ եթե Իրանի հյուպատոսը գտնվում է Կապանում, դա նշանակում է, որ կամայական ոտնձգություն, եթե խորացավ, դիտվելու է որպես ոտնձգություն Իրանի դեմ:
Անդրադառնալով Արեւմուտքի հովանու ներքո ընթացող բանակցություններին, Վարդան Խաչատրյանն ասաց. «Ամբողջ հարցն այն է, որ ներկայիս բանակցությունները որպես այդպիսին կարող են ընթանալ, կարող են սառել, կարող են նախաստորագրվել, հետո հետ կանչվել, հնարավոր է նույնիսկ ՀՀ իշխանությունները փորձում են շոշափել, թե որ տարբերակն է առավել շահավետ, որտեղից է հնարավոր առավելը ստանալ:
Մենք իրատեսական հաշվարկ պետք է անենք, թե ո՞րն է հայ ժողովրդի համար դեպի ապագա վերելք դուրս բերող ճանապարհը: Ես ճիշտն ասած, չգիտեմ՝ ՀՀ իշխանություններն ինչ կողմնորոշում ունեն, որովհետեւ, կարծես, արդեն բյուրեղացված վեկտոր չկա: Ենթադրում եմ՝ չի էլ լինի, որովհետեւ աշխարհի ներկայիս վիճակը չի ենթադրում կոշտ կողմոնորոշումներ, մեկընդմիշտ հակում ինչ-որ թեւի վրա»:
Ճշտող հարցին, թե որտեղ են մեզ ավելի լավ առաջարկներ ներկայացնում, նա պատասխանեց. «Դա կախված է նաեւ մեր աշխատանքից: Դու պետք է աշխատես, որ այն մեծ մակրոռեգիոնը, որ առաջանում է այստեղ՝ Իրանով, Հնդկաստանով, լուրջ աշխատանք տանես արաբական երկրների հետ, իրականացնես տարածաշրջանային անվտանգության մեծ ծրագրի նախաձեռնում ոչ Հայաստանյան կենտրոնով: Այդ զարգացումները բոլորի ուշադրությունն իրենց վրա կսեւեռեն, որովհետեւ դա ինչ-որ առաջարկություններ կունենա թե Իսրայելին, թե Թուրքիային, կվերահսկի իրավիճակը Մերձավոր Արեւելքում: Այդ նախաձեռնությամբ մենք պետք է հանդես գանք, որպեսզի ոչ միայն խաղաղություն հաստատվի, այլեւ գործեն սահմանափակումների, զսպումների մեխանիզմներ»,-ընդգծեց նա:











