«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել հայ ժողովրդի պատմական ժառանգության բարձիթողի վիճակի թեման. այս անգամ անդրադարձել է Կաքավաբերդին:

«Հայերը սիրում են անդադար խոսել թշնամի երկրների տարածքում անտերությունից կործանվող հայկական կոթողների մասին` չնկատելով նույն խնդիրը իրենց քթի տակ: Այնինչ, Հայաստանի տարածքում կործանվող ժառանգության առանձնահատկությունը նրանում է, որ այն դեռ կարելի է փրկել: Փրկել այսօր: Վաղը ուշ է լինելու»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Կաքավաբերդը (Գեղի բերդ) գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. Այն անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ.` Պռոշյաններին։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Կաքավաբերդի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը եւ պարտվել Գեւորգ Մարզպետունուց։ Բերդը հիշատակում է Մուրացանը իր «Գեւորգ Մարզպետունի» պատմավեպում։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ:

«Կաքավաբերդն այսօր կատարյալ անտերության է մատնված Խոսրովի արգելոցի տարածքում, որի ղեկավարությունը էկոտուրիզմի զարգացման անվան տակ յուրաքանչյուր արշավականից 3000 դրամ է պահանջում միայն այն այցելելու թույլտվություն տալու համար: Որտեղ է գնում այդ գումարն` անհայտ է, բայց որ Կաքավաբերդն իր «մաշկի» վրա դրանք չի զգում` ակնհայտ»,- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:Նախաձեռնությունը Կաքավաբերդի վիճակի վերաբերյալ տեսանյութ է պատրաստել (նկարահանումները կատարվել են սեպտեմբերի 6-ին):