Ես այս առումով ավելի կտրուկ միջոցների կողմնակից եմ, բայց այս փուլում ողջունում եմ նախագիծը որպես սկիզբ. Սա դրական է ազդելու զինված ուժերի վրա թե բարեվարքության տեսանկյունից, թե միջանցնային հարաբերությունների մասով, այդ թվում նաեւ որոշակի առումով նոր մրցակցության դաշտի հնարավորություններ է բացելու: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտնգության հարցերի հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին»  օրենքներում փոփոխությունների վերաբերյալ փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, փաթեթը հնարավորություն է տալիս կանանց 6 ամսով պարտադիր զինծառայություն անցնել բանակում:

«Ես ինչքան գնացել եմ կրակային, նկատել եմ, որ շատ դեպքերում կանայք շատ ավելի լավ են կրակում: Դա վիճակագրություն է, իմ կարծիքը չէ: Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել նախագծին»,-ասաց Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նխագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց. «Իսկ ճշտե՞լ եք՝ կանայք ինչու են լավ կրակում»:

Վիլեն Գաբրիելյանը չուներ այդ հարցի պատասխանը. «Չեմ ճշտել, բայց շատ հետաքրքիր թեմա է, կարող ենք իրար հետ հետաքրքրվել»,-ասաց նա:

Փոխարենը պատասխան ուներ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. «Կրծքավանդակով եւ փորով շնչելու մեջ է տարբերությունը»:

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Տեսա՞ր, պարոն նախարարը փրկեց քեզ, պարոն Գաբրիելյան»:

Նշենք, որ այս փաթեթը նախատեսում է Հայաստանում ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

«Հայաստանի քաղաքացի իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնց  տարիքային շեմը 18-27 է, իրենց ցանկությամբ, կամավոր եթե ուզում են վեցամյսա զինծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում, դիմում են ներկայացնում  մոտակա զինվորական կոմիսարիատ, սկսվում է  նրանց հաշվառման պրոցեսը, առողջության ստուգումը, այսինքն անցնում են  այն ստանդարտ պրոցեդուրաներով, որով անցնում է  զորակոչիկը։ Այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, մինչ այդ օրը բոլոր պրոցեդուրաներն անցնելուց, հաստատվելուց հետո  կարող է միտքը փոխել, բայց այն օրվանից, երբ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունն այլևս դառնում է պարտադիր»,- մանրամասնել է Պապիկյանը։

Նրա խոսքով, վեց ամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազոր։ Իսկ զինծառայության ավարտից հետո նրանք կստանան մեկ մլն դրամ պատվովճար: