Մասնակիցների կազմը շատ խոսուն էր, ավելի շատ թյուրքալեզու երկրների, աֆրիկյան երկրների, որոշ այլ երկրների, բայց Եվրոպական խոշոր երկրների որեւէ ղեկավար ներկա չէր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անրադառնալով Թուրքիայի նախգահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը եւ դրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:

«Հարց է, թե հրավերն ինչպե՞ս է եկել: Օրինակ, Ռուբեն Ռուբինյանը որեւէ տեղ չի երեւացել, եւ որքան ես տեղեկություններ ունեմ, նույնիսկ երդման արարողությանը մեկ թիկնապահ են թույլատրել, որ Փաշինյանի հետ ներս մտնի: Այսինքն լրիվ անպատրաստ եւ քաղաքականորեն խայտառակ վիճակ է եղել: Երկու տարի առաջ Թուրքիային մեղադրել նոր ցեղասպանության մեջ, այսօր վազել հասնել Էրդողանի երդման արարողությանը, ուղղակի խայտառակություն էր»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղման արարողությանը, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այդ ժամանակ հայկական ուժերն ազատագրել էին Քարվաճառը եւ լրիվ տարբեր մթնոլորտում էր դա տեղի ունենում:

Նրա խոսքով Փաշինյանի արհամարհվելը ցայտուն ու ակնառու էր այս դեպքում:

Գեղամ Մանուկյանը պատահական չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը նստած էր երկրորդ շարքում՝ Ալիեւի անմիջապես հետեւում. «Ցավոք, Թուրքիայի նման երկրի հետ մատների արանքով են շարունակվում այսպես կոչված բանակցությունները»:

Գեղամ Մանուկյանը սուտ որակեց պնդումը, թե Թուրքիան նախապայմաններ չի առաջադրել Հայաստանին. «Ամեն օր Փաշինյանը հետեւողականորեն այդ նախապայմանները փորձում է կյանքի կոչել: Թուրքիայում էլ պաշտոնյա չի մնացել, որ հայ-ադրբեջանական հարցը մեջտեղ չբերի:

Մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում. Երբ դու Անկարայում քծնում ես Էրդողանին, քծնում ես Ալիեւին, մրդկային որեւէ բարոյական կարմիր գիծ չկա»,-ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: