Մինչեւ 2018 թվականը Հայաստանում եղել է այլասերված մթնոլորտ բոլոր ոլորտներում. Այդտեղից է սկսվել մեր հայրենիքի վտանգը, Արցախի վտանգը: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նա դիմեց ընդդիմության կողմից առաջադրված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին. «2018-ին, այդ թվում նաեւ դուք մասնակցեցիք այդ երեւույթների մերժմանը, հետո մեզ մոտ սկսվեցին տարաձայնություններ: յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում այդ իրավիճակից դուրս գալը: Կարող ենք չհամաձայնենք, վիճենք, բայց ասենք՝ ոնց դուրս գանք, բայց ոչ թե՝ հետ գնանք:
Ընդդիմությունը քվոտա ունի ոչ թե նրա համար, որ ասի՝ էս ա, պետք է ընտրեք, այլ համոզի, որ այս մարդը կարող է մասնակցել փոփոխությանը, մենք էլ կօգնենք: Ընդդիմության թեկնածուն առանձնապես չփայլեց մասնագիտական գիտելիքներով: Ո՞նց կարելի է չնկատել, որ Հայաստանում վերանում է մեկի շնորհը: Դա չի նշանակում, որ հիմա երկնքից հրեշտակներ են իջել ու ոչ մի չարաշահում չկա, բայց մթնոլորտը փոխվում է ՀՀ-ում ամեն օր: Դուք չեք ուզո՞ւմ մասնակցել այդ փոփոխությանը, կարծես չեք ուզում»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե իր խոսքի ու գործի միջեւ խզում չի եղել. «Ճիշտ է ասում, գործ պետք է անես, որ խզում լինի: Նայում եմ՝ թատրոնը ոչինչ չի կորցրել, քաղաքականությունը ոչինչ չի շահել: բացի ձեւից բովանդակություն չկա, բացի մաղձից, մի բարի խոսք չկա, բացի վրեժխնդրությունից ու ատելության խոսքը փաթեթավորված մատուցելուց բարյացակամություն չկա»,-ասաց ՔՊ-կան պատգամավորը:











