Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է, եւ այն պետք է դադարեցվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

«Որքանով Հայաստանն է նվիրված խաղաղությանը, Ադրբեջանն էլ պարտավոր է ապացուցել, որ ինքն էլ է նվիրված խաղաղությանը։ Եվրոպական միությունն իր լավագույն ջանքներն է ներդնում, որ դյուրին դարձնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնտակտները։ Վերջինշփումը տեղի ունեցավ Քիշնեւում։ Նախատեսված են լրացուցիչ հանդիպումների ժամկետներ։ Մենք ներդնում ենք մեր առավելագույն ջանքերը, որ լարվածությունը նվազի։ Հայաստանում Եվրոպական առաքելությունը պետք է նպաստի դրան։ Պատերազմը սկսելու համար բավարար է միայն մեկ երկիր, բայց այն դադարեցնելու համար երկու երկրի կամք։ Ժամանակը եկել է, որ խաղաղություն հաստատվի։ Եվրոպական միության դիրքորոշումն է՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է եւ պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները պետք է պաշտպանվեն, եւ Հայաստանի իշխանության հաստատակամությունն արժանի է հարգանքի։ Քանի որ Լաչինի շրջափակումն ապօրինի է, Բաքվում հավատարմագրված դեսպաններին ես կոչ եմ անում՝ եթե Ադրբեջանը նրանց հրավիրի այցելել ապօրինի տեղակայված անցակետը՝ ձեռնպահ մնալ հրավերն ընդունելուց՝ հավատարիմ մնալով Հաագայի դատարանի վճռին»,- ասաց նա։

Լուազոն պատմեց, որ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել վարչապետի ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եղել Սյունիքում, հանդիպել մարզպետի եւ Գորիսի քաղաքապետի հետ։

«Մենք մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին՝սեփական աչքերով տեսնելու միջանցքի անօրինական շրջափակումն Ադրբեջանի իշխանության կողմից։ Լսեցինք աճող քանակի զինված միջադեպերի մասին, որոնցում ներխուժում են Հայաստանի ինքիշխան տարածք։ Երասխի միջադեպի մասին տեղեկացանք, երբ թիրախավորվել էին քաղաքացիական անձինք, միջադեպին ծանոթացանք, երբ Լաչինի միջացքում ադրբեջանցիները փորձել էին ադրբեջանական դրոշ տեղադրել։ Այս ուղերձը ես ինձ հետ կտանեմ Բրյուսել, եւ կպատմեմ այն մասին ինչ տեսել եւ լսել եմ»,- նշեց նա։