Պետականաքանդության ընդհանուր գործընթացում դատական համակարգը չքանդել չէին կարող: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նշենք, որ ԲԴԽ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է քննել դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Հիմա հերթական արարներից մեկն է, որն ուղղված է դատական համակարգն ապամոնտաժելուն: Գործող իշխանություններին պետությունը, տպավորություն է, որ խանգարում է»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Անդրադառնալով կարգապահական վարույթը դռնփակ ռեժիմով անցկացնելու որոշմանը՝ փաստաբանն ասաց. «Բացի խայտառակ լինելուց, այլ մտավախություն չունեն: Կարգապահական վարույթների դառը փորձը իրեց ստիպեց զուտ ամոթից անցնել դռնփակության: Այստեղ իրավական որեւէ այլ պատճառաբանություն չկա»:
Հարցին՝ դատավոր Հարությունյանն ինչո՞վ է խանգարում իշխանություններին, Վարոսյանն արձագանքեց. «Դավիթ Հարությունյանը չէր կարող չխանգարել, որովհետեւ նա այն սերնդի դատավորներից է, որոնք դեռ նախորդ իշխանությունների ժամանակ շոգեքարշի նման դատական իշխանությունը նախեւառաջ դատախազության կցորդի դերից դուրս հանեցին: Զանգովի արդարադատություն չիրականացնելը, կոռումպացված չլինելը, օրենքով աշխատելը այս իշխանությունների ժամանակ առիթ պետք է լիներ, որ ազատվեն նաեւ նրանից»:
Հիշեցնենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավոր Դավիթ Հարությունյանի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:











