ԱրարատԲանկը 2022 թվականն ամփոփել է վերջին տարիների համար լավագույն արդյունքներով։ Բանկը 2022 թվականի պլանային ցուցանիշները գերազանցել է բոլոր ուղղություններով։ 

Բանկի ընդհանուր ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 32.0%-ով եւ կազմել 357,510 մլն դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 32.5%-ով եւ կազմել 305,031 մլն դրամ։ Բացի այդ՝ բանկի կողմից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 22.8%-ով՝ կազմելով 87,677 մլն դրամ։ Միայն ֆիզիկական անձանց միջոցները մեկ տարում աճել են 19.0%-ով, իսկ իրավաբանական անձանց միջոցները՝ 40.9%-ով։  

Նախորդ տարվա գործունեության արդյունքները բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում նախորդ տարի գրանցված տնտեսական բարձր ակտիվությունից ԱրարատԲանկը կարողացել է օգուտ քաղել արդյունավետ կառավարման շնորհիվ։

«Ֆինանսական հոսքերի ծավալները, որոնք նախորդ տարի նպաստել են Հայաստանի տնտեսության ճյուղերի զարգացմանը, նույն կերպ հնարավորություններ են ստեղծել նաեւ բանկային համակարգի համար։ Պարզապես բանկային համակարգում պետք է ավելի ճկուն ու պատասխանատու աշխատանք իրականացնել, քանի որ ցանկացած ֆինանսական հոսքի սպասարկում բանկի համար կարող է լինել թե շահութաբեր, թե վնասաբեր։ Կա նաեւ հնարավորությունները ճիշտ օգտագործելու ուսմունք եւ բոլոր բանկերը, կարծում եմ՝ իրենց քաղաքականությունից ելնելով կարողացել են այդ հնարավորությունները մի փոքր ավելի արդյունավետ օգտագործել։ ԱրարատԲանկը նույնպես իր ունեցած հնարավորությունները կարողացել է արդյունավետ օգտագործել, ինչի շնորհիվ մենք կարողացել ենք ավելի մեծ շահույթ ունենալ, քան նախանշված պլանային ցուցանիշներն են եղել»,– լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Անանյանը։

Նախորդ տարվա բարձր ցուցանիշները բանկի խորհրդին ու գործադիր մարմնին   հնարավորություն են տվել շահութաբաժնի բաշխում կատարել բաժնետերերի շրջանում։ Այդ մասին առաջին անգամ հայտարարվեց բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։ Այսպիսով ԱրարատԲանկը փոխում է ավանդույթներն ու դիրքավորվում որպես շահույթ բաշխող բանկ՝ առավել գրավիչ դառնալով ներդրումների համար։

«Մենք բաց ենք բոլոր ներդրողների համար։ Եթե կան միջազգային կառույցներ, որոնք փորձում են ԱրարատԲանկում ներդրումներ անել, մեզ համար կարեւոր է, որ իրենք իմանան, որ ԱրարատԲանկը շահույթներ բաշխող բանկ է»,– նշեց Մհեր Անանյանը։ 

Վերաբրենդավորումից հետո ԱրարատԲանկը վերջին երեք տարիներին դիրքավորվել է որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական հաստատություն՝ ֆինանսավորելով բնապահպանական, առողջապահական, կրթական ոլորտների մի շարք ծրագրեր։

«Կրթությունը մեր ռազմավարական առանցքային ուղղություններից մեկն է։ Առհասարակ, ուղղությունները որոշում ենք՝ վեր հանելով տարվա կտրվածքով հասարակության խնդիրները եւ ըստ այդ խնդիրների ենք մշակում մեր ռազմավարությունը»,– լրագրողների հետ զրույցում նշեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը: 

ԱրարատԲանկի միջոցներով 2022թ.-ին ֆինանսավորվել են «Ուսանողի տուն» սոցիալական ծրագրի շրջանակներում մասնագիտական կողմնորոշման ճամբարը, «Մշակութամետ» նախաձեռնության ամփոփիչ համերգը, «Հաւք» օդային ռոբոտաշինության մրցույթը, «4090 Բարեգործական» հիմնադրամի բարեգործական համերգը և քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված «City of Smile» բարեգործական ընթրիքը։