Եթե Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք խաղաղություն չցանկանան, իրենք չցանկանան պայմանավորվել, ոչ ոք նրանց փոխարեն դա չի անի. ոչ Ռուսաստանը, ոչ Բրյուսելը, ոչ որեւէ այլ տեղ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը։
«Սկսենք նրանից, որ Ռուսաստանը, այս բոլոր գործերից բացի, էլի զբաղվելու բան ունի։ Նկատի ունեմ թե՛ հատուկ ռազմական գործողությունը, թե՛ աննախադեպ արտաքին ճնշումը եւ այլն։ Սա մեկ։
Երկրորդ՝ ես չէի ասի, թե Ռուսաստանը չի կարող հասնել դրան, այն մասով, որն անհրաժեշտ է, հասնում է։
Այլ բան է, որ ինչ-որ բաներ տարբեր են թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում։ Ռուսաստանն այս դեպքում խաղաղապահ է, այո, եւ չեզոք դիրք է պահում։ Հասկանալի է, որ կան ստորագրված փաստաթղթեր, հասկանալի է, որ ավանդաբար սիրում են կառչել ստորակետերից, վերջակետերից եւ բազմակետերից թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Դա հետխորհրդային տարածքում այս հին հակամարտության ավանդույթն է։ Այնպես որ, ես հարցն այնպես չէի դնի, որ Ռուսաստանն ինչ-որ բանի չի կարող հասնել։
Այլ բան է, որ իսկապես ըստ իս... Բաքուն փոքր-ինչ շահարկում է համապատասխան համաձայնագրի դրույթները եւ փորձում խաղարկել այդտեղ։ Դրա հետ ինչ-որ բան, իհարկե, պետք է անել։
Ղարաբաղյան հակամարտության խնդիրը, այսինքն՝ հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրն է։ Եվ եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանում են դադարեցնել այդ հակամարտությունը եւ ամուր խաղաղություն հաստատել բազում տասնամյակների համար՝ հանուն սեփական երկրների զարգացման, հանուն սեփական մարդկանց, երեխաների ճակատագրերի, հանուն ապագայի, դա մի պատմություն է։
Եթե նրանք չեն ցանկանում անել դա ինչ-որ պատճառով եւ կշարունակեն սովորական դիմակայությունը, որին արդեն սովորել են 30 տարում, նկատի ունեմ, որ այնտեղ երեխաների երկու սերունդ արդեն մեծացել է եւ այլ կյանք չգիտի, բացի Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունից, սա այլ խոսակցություն է։
Եթե Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք չեն ցանկանում խաղաղություն, իրենք չեն ցանկանում պայմանավորվել, ոչ ոք դա նրանց փոխարեն դա չի անի՝ ոչ Ռուսաստանը, ոչ Բրյուսելը, ոչ որեւէ այլ տեղ։
Այն, ինչ Դուք անվանեցիք մրցակցող գործընթաց, ես կարծում եմ, դա մրցակցող գործընթաց չէ, այլ, ավելի շուտ, հակառակը։ Այսինքն, եթե Ռուսաստանը երկար տարիներ ուներ Անդրկովկասում ամուր խաղաղություն փնտրելու նպատակ, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ լուծելու ճանապարհով, ապա, ասենք, Բրյուսելում այսօր դա դիտվում է «արագի մեջ»։ Իսկ «արագի մեջ»-ը, ելնելով այսօրվա ռուսատյաց դիրքորոշումից, վնասելն է Ռուսաստանին, ինչ-որ կերպ տրամադրությունը փչացնելը։ Այլ հարց է, որ դրան բավականությամբ մասնակցում են թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը։ Եվ հատկապես ծիծաղելի էին նրանք, իհարկե, վերջերս Քիշնեւի ռուսատյաց «հավաքում»։ Այնտեղ ինչ-որ նմանություն կար Եվրոպային, ինչ-որ մի համաժողով։ Եվ ահա նրանք երկուսով գնացին այնտեղ։ Ես կարծում եմ, որ բոլորը տեսան դա, գրանցեցին, գրի առան ամեն պարագայում, որպեսզի հետո չմոռանան»,- ասել է քաղաքագետը։
Նա նաեւ մեկնաբանել է Ալիեւի եւ Զելենսկու հանդիպումը, որոնք, երկուսն էլ հիանալի տիրապետելով ռուսերենին, խոսում էին անգլերեն. «Դա շատ ծիծաղելի էր։ Գոյություն ունեցող ռուսատյացության թրենդին գբավականությամբ մասնակցելը, մեղմ ասած, գեղեցիկ չէ»։
«Նույնը կարող եմ ասել Փաշինյանի եւ Ալիեւի մասին։ Երկուսն էլ, ինչպես ասում են, կեցցեն այս իմաստով։ Քանի դեռ գործում է խաղաղապահ մանդատը, Ռուսաստանն, անշուշտ, կկատարի այդ մանդատը։ Դա անգամ չի քննարկվում։ Ինչ կլինի 25 թվից հետո՝ չգիտեմ։ Այդ ամենն այդ թվում կախված է նաեւ բոլոր մասնակիցներից։ Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի իրադրությունը, եւ ոչ ոք չգիտի։ Ներկա տուրբուլենտ աշխարհում բոլոր հարցերը, որոնք երբեւէ եղել են գլխավոր հարցերը միջազգային օրակարգում, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության սրումը մի քանի տարի առաջ եւ այլն. դրանք դառնում են բոլորովին ոչ գլխավոր հարցեր, ցավոք։
Այնուամենայնիվ, դա մարդկանց ճակատագրերի հարց է, ընդ որում՝ խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է, եւ միշտ ջանացել են այդ հարցերը մտցնել որպես առաջին տող, համենայն դեպս, այդպես էր ժամանակակից եվրոպական դեմոկրատական օրակարգում։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է նրանց այդ ամբողջ կեղծավորությունը փլուզվում, եւ պարզվում է, որ մարդկանց վրա նրանք մեծ հաշվով թքած ունեն։
Ինձ ամենից շատ այս պատմությունն է տհաճություն պատճառում։
Ռուսաստանը խաղաղապահ է հանդես գալիս ոչ թե նրա համար, որ ցանկանում է հասնել դրան, այլ որովհետեւ նրան այդ մասին խնդրել են հակամարտող կողմերը, այսինքն՝ նրանք խնդրել են եւ համապատասխան մանդատ ձեւավորել։ Եթե նման ստատուս-քվոն պահպանվի 2025 թվականից հետո եւ անհրաժեշտ լինի ռուս խաղաղապահների ներկայությունը, մանդատը նորից կձեւակերպվի, իմ կարծիքով։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, նկատի ունեմ ադրբեջանական իշխանություններին, պետք է այդպիսի երաշխիքներ տա (արցախահայերի անվտանգության մասին)։ Իսկ նրանք, բնականաբար, այդպիսի երաշխիքներ տալ չեն կարող, եւ ես չգիտեմ, թե ով կտա այդպիսի երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ, արցախահայերի կյանքի անվտանգ զարգացման երաշխիքներ։ Եթե խոսքը, ինչպես ինքն է ասում, միայն տարածքի մասին է, Ադրբեջանի ներսում ինչ-որ կարգավիճակի մասին, ես չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր։ Ես կարծում եմ, որ շատ բան այս իմաստով բաց է թողնվել վերջին 10-15 տարում, այդ թվում Երեւանի կողմից։ Մենք այդ մասին շատ ենք խոսել։ Դուք գիտեք, ժամանակին։ Բայց եւ այնպես, հարցը չէ՞ որ ինչ-որ կերպ լուծել է պետք։ Համենայն դեպս, խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է։ Ես այստեղ անգամ ավելի լայն կնայեի այս ամբողջ պատմությանը՝ ոչ միայն Արցախի բնակիչների, այլեւ Հայաստանի բնակիչների ճակատագրերի, Ադրբեջանի քաղաքացիների ճակատագրերի առումով, եւ ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ տարբեր ազգությունների, որոնք ապրում են այդ տարածքում։
30-ամյա պատերազմը խիստ արգելակում է զարգացումը՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիոմշակութային, բոլոր ոլորտներում։ Այս ամբողջ իրավիճակը հանգեցնում է բնակչության լուրջ արտահոսքի։ Սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին։ Ադրբեջանից նույնպես շատերն են հեռանում։ Արցախից նույնպես շատերն են հեռացել»,- ամփոփել է քաղաքագետը։











