Հաշվի առնելով, որ Հայաստանի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները վերածվել են սպառնալիքների, մենք անհրաժեշտ ենք գտել ձեւավորել այնպիսի մի ուժ, որը սեփական օրինակով ցույց կտա միասնականության ընթացքը մեր երկրում եւ դրանով հիմք կդնի այն աղճատվածության սպառմանը, որը վերջին ընտրություններից հետո ակնբախ երեւում է մեզանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կամավորականների, աշխարհազորի եւ պահեստազորի զինվորականների միավորման նախաձեռնող խմբի անդամ Վարդան Խաչատրյանը:
Իր հերթին միավորման նախաձեռնող խմբի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրենց համագումարը տեղի կունենա հուլիսի 25-ին:
«Մեր առաջին խնդիրն է լինելու անհրաժեշտության դեպքում մեր զինվորների հետ կողք կողքի պաշտպնելու մեր հայրենիքի սահմանները եւ ազատագրել բռնազավթված տարածքները: Մեր երկրորդ խնդիրն է լինելու մեր օրինակով նպաստել, որ առողջ, ազգային քաղաքական ուժերը միավորվեն, ձեւավորեն պայմանականորեն մեկ միասնական համահայկական դաշինք: Մենք այցելելու ենք մարզեր, տեղերում բացելու ենք մասնաճյուղեր եւ մի գեղեցիկ օր համահայկական դաշինքի հետ կոչ ենք անելու ոտքի հանել ժողովրդին՝ անհնազանդություն հայտնելով այսօրվա իշխանությանը: Պարտադրելու ենք այս իշխանությանը հեռացում եւ այսօր գործող ԱԺ-ի լուծարում: Կարճ ժամանակի համար կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի արդար, օրինական արտահերթ ԱԺ ընտրություններ: Նոր ԱԺ-ն որեւէ մեկին կընտրի երկրի վարչապետ:
Երբեմն հարց են տալիս, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Ոչ նա, ոչ նա, ոչ էլ նա, հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, որոնք ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, կլինեն ավելի հայրենասեր, ավելի կրթված, եւ ավելի կազմակերպված, քան Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց Բազեյանը:
Նշենք, որ նախաձեռնության անդամ է նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն և այլք։











