44-օրյա պատերազմում զոհված կապիտան Լեւոն Բաղինյանի հայրը` Սամվել Բաղինյանը փետրվարին հիմնել է «Հայոց նվիրյալների կամավորական ջոկատ» սոցիալական, հայրենասիրական կազմակերպությունը։
Կազմակերպության կազմում պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները։
«Մեր ծնողներով որոշել ենք նվիրական գործ անել, որ մեր երեխաներին գործը կիստա չմնա։ Մենք քաղաքացիների նվիրաբերած օգնությունը Պաշտպանության նախարարության թույլտվությամբ հասցնում ենք դիրքեր։ Այսպես օրինակ մեզ Գերմանիայից նվիրաբերել են դրոններ, գիշերային տեսանելիության սարքեր, որոնք շուտով կբարձրացնենք Սիսիանի դիրքեր։ Բացի սա կազմավորում ենք ջոկատ, որն ի վիճակի կլինի անցկացնել մարտական հերթապահություն, անհրաժեշտության դեպքում մասնակցել ռազմական գործողությունների։Մեր գնալը զորամասեր շատ է ոգեւորում, հարցնում ենք՝ ո՞նց եք, ի՞նչ խնդիր կա, ու տեսնում ենք՝ այդ երեխեքը ոնց են դիմավորում, ես իրենց հայրը չեմ, բայց ամեն ինչով պատրաստ եմ աջակցել»,- նշեց Սամվել Բաղինյանը։
Նա նշեց, որ զոհվածների ծնողները կամ հարազատները եթե ունեն խնդիրներ, որոնք չեն լուծվում, կարող են դիմել իրենց, իրենք կազմակերպության միջոցով բարձրաձայնեն ու լուծում տան, նաեւ ունեն փաստաբան, որը անվճար հիմունքներով օգնություն կցուցաբերի:
Այժմ կազմակերպության անդամ ծնողները Սիսիանում սարի վրա եկեղեցի են կառուցում, որի հիմքերը դրել էին Լեւոնը եւ իր զինվորները։
«Մենք պետք է դա ավարտին հասցնենք, եւ եթե հնարավորություն լինի մյուս տարի օծումը տեղի ունենա»,- նշեց նա:











