Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզել՝ հնարավորինս արագ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունների  արդյունքների մեկնաբանության մեջ, որ հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Հայկական կողմն ունի այն գիտակցումը, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայերին  համոզել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հնարավորինս արագ հանդիպումներ ունենալ՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի), այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաներից  բխող իրավունքները համաձայնեցման համար»,- ասել է նա։

Լավրովն ընդգծել է նաև, որ Բաքուն և Երևանը «փոխադարձության հիմքով պատրաստ են» իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման երաշխիքներ տրամադրել։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ Մոսկվան ողջունում է այն երկրների ցանկությունը, որոնք ուզում են օժանդակել Հայաստանին ու Ադրբեջանին փոխընդունելի որոշումներ գտնելու հարցում, սակայն անթույլատրելի է համարում այս կամ այն պայմանավորվածությունների արհեստական պարտադրումը, որոնք չեն բխում հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ արվում են հանուն ԶԼՄ-ներում գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։