Հայաստանից Արցախ ուղարկվող հումանիտար բեռները Կոռնիձորում կանգնած են, որովհետեւ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է չեզոքացնել, վերացնել Լաչինի միջանցքը եւ փորձել դա փոխարինել այլ, մասնավորապես, Աղդամի ճանապարհով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Թե ինչու էր Հայաստանը գնացել այս քայլին, այստեղ հավանաբար, կան մի քանի պատճառներ. Դրանցից մեկը ներքին սպառման պատճառն է, այսինքն Հայաստանի ժողովրդին ցույց տալ, որ տեսեք, ես գործողություն եմ կատարում Արցախի բնակչությանը փրկելու համար: Այնինչ բոլորի համար հասկանալի է, որ իրականում այս տարիներին այլ քայլեր պետք էր անել, որ իրավիճակը սրան չհասնի: Երկրորդ պատճառն այն է, որ չի բացառվում, որ այստեղ կա այն մեղադրանքը, որը Ռուսաստանն ուղղում է մեզ, ասելով՝ հայերն ու ադրբեջանցիները համատեղ փորձում են փչացնել ռուս խաղաղապահներին, ցույց տալ, որ ռուս խաղաղապահները ոչ ոք են, ոչ մի գործառույթ չեն կարողանում իրականացնել, ու մի մեծ քար գցել ռուս խաղաղապահների բոստանը: Փաստ է, որ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելը դրված է ռուս խաղաղապահների վրա: Այո, այս պահին նրանք չեն կարողանում դա իրականացնել ինչ-ինչ պատճառներով: Բայց արդյոք դա նշանակում է, որ իրենց պետք է փչացնել: Ի՞նչ է շահում հայկական կողմը փչացնելով այն միակ ուժին, որն ապահովում է տեղի բնակչության անվտանգությունը»,-ասաց Կիվիրյանը:
Նա նաեւ նկատեց, որ եթե հանկարծ այնպես ստացվի, որ այս բեռները ի վերջո, Ֆիզուլիով հասնեն Աղդամ եւ այնտեղից մտնեն Արցախ, դա կնշանակի, որ Բաքուն Հայաստանի իշխանությունների ձեռքով բացեց Աղդամի ճանապարհը. «Որպեսզի հասկանանք, թե որն էր Հայաստանի իշխանությունների իրական նպատակը, ընդամենը պետք է սպասել եւ զարգացումներից կհասկանանք: Ադրբեջանը փորձում է վերացնել Լաչինի ճանապարհը: Ալիեւը Շառլ Միշելի հետ ինչ-որ առումով համաձայնեցրել է սա, այնտեղ ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սա նշանակում է, որ Աղդամի ճանապարհի շուրջ եղել են քննարկումներ: Մեկ էլ դրանից հետո Հայաստանը զարթնում է ու «Սպայկայի» բեռնատարներով բեռներ է ուղարկում Արցախ: Ու հիմա եթե այդ բեռները Արցախ մտնեն Աղդամից, կնշանակի, որ ՀՀ իշխանությունները Բաքվի հետ համատեղ համաձայնեցրել են այդ ծրագիրը: Ընդամենը դա մատուցում են այլ սոուսի տակ»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:











