Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի լրատվության վարչությունից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն՝ պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը դարավոր բարեկամության ամուր հենքի վրա դրված հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյիի պաշտոնավարումը մեկնարկում է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար անվտանգային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման բարդ ժամանակաշրջանում: «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հստակ եւ հասցեական արձագանքները, որոնք հնչում են տարբեր մակարդակներով: Կարծում եմ՝ մեզ դժվար, սակայն արդյուանավետ աշխատանք է սպասվում: Համոզված եմ, որ մենք այս իրավիճակում արժանի լուծումներ ենք գտնելու, եւ ավելի շատ մտածելու ենք ստեղծագործական համագործակցության մասին»,- ասել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ողջույնի խոսքերի համար: «Հայաստանը եւ Ֆրանսիան բարեկամ երկրներ են, իսկ բարեկամ երկրները պետք է միմյանց ձեռք մեկնեն դժվարին պահերին: Ֆրանսիայի դիրքորոշումն այն մարտահրավերների առնչությամբ, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը հետեւյալն է՝ իհարկե իրավունքի պաշտպանություն, հարգանք իրավունքի նկատմամբ, բնակչության պաշտպանություն, եւ, անշուշտ, խաղաղության անկեղծ որոնում: Այս ամենին ուղղված բոլոր ջանքերում Ֆրանսիան ներկա է»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական բազմաշերտ ու բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին եւ առկա անվտանգային մարտահրավերներին ու վերջիններիս հաղթահարման ուղիներին:

Երկուստեք շեշտվել է, Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Դեսպան Դըկոտինյին ընդգծել է, որ Ֆրանսիան հստակ դիրքորոշում ունի հնարավոր ջանքերը գործադրել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները:

https://www.president.am/hy/press-release/item/2023/07/28/President-Vahagn-Khachaturyan-received-newly-appointed-Ambassador-of-France/