Հանրային դիվանագիտության չինական ասոցիացիան (CPDA) կազմակերպել էր Յունյնան  նահանգում ապրող չժուանների էթնիկ փոքրամասնության համերգ։

Չինաստանի միջազգային մամուլի կենտրոնի (CIPCC) ծրագրի հարյուրավոր լրագրողներ հանգստյան օրերին եկել էին չժուան ազգության ներկայացուցիչների համերգին, որը տեղի ունեցավ Պեկինի լեզվի եւ մշակույթի կենտրոնում դիվանագիտական առաքելությունների համար։

Չժուան ազգությունն ապրում է Յունյնան նահանգում (թարգմանվում է որպես երկիր ամպերից հարավ), որն ամբողջ աշխարհում հայտնի է իր պուեր թեյով։ Նահանգի տարածքում ապրում են 12 տարբեր ազգություններ, բնակչության մեծ մասը հաներն են (70 տոկոս), չժուանները 4-5 տոկոս են։

Չժուան ազգությունը թվաքանակով ամենամեծն է Չինաստանի 56 ազգային փոքրամասնությունների շարքում։

Տղամարդկանց եւ կանանց հագուստը միատեսակ է՝ կարճ զգեստ եւ տաբատ, գլխակապ։ Կանանց հագուստը զարդարված է ասեղնագործությամբ, իսկ զարդեղենը սովորաբար արծաթից է։ Աղջիկները կրում են կապտասեւ օձիք՝ վառ ծալքերով, լայն տաբատ կամ բատիկ փեշ, իսկ շքեղ գոգնոցները կապում են գոտկատեղում։

Այս ժողովրդի առանձնահատկությունը սերն է երգեցողության հանդեպ, ինչի համար երկրամասն անվանել են «երգերի օվկիանոս»։

Զուտ ընդհանուր չինական փառատոներից բացի՝ չժուաններն ունեն նաեւ իրենց սեփական փառատոները եւ տոները։ Դրանցից ամենակարեւորն են Ոգու փառատոնը եւ երգի փառատոնը։ Տեսահոլովակներում ներկայացված են երգեր, որոնք երգում են այդ տոների ժամանակ։

Պեկինից՝ Պարույր Սինյավսկի