Երեւանի ավտոկայանատեղիներում կայանելը հաճախ հնարավոր չէ: Պատճառը ոչ միայն կայանատեղ չլինելն է, այլեւ դրանք կանգնակներով ու տարբեր առարկաներով զբաղեցնելը: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

Երեւանի քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ շարունակում է ամենօրյա ուժեղացված ստուգայցերը՝ կանգնակները հեռացնելու եւ ճանապարհի երթեւեկելի հատվածն ազատելու համար:

Հիմնական խնդիրը տնտեսվարողներն են, նաեւ որոշ անհատներ, որոնք, այսպես ասած, «տեղ պահելու համար» գումար են վաստակում:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հստակ նշում է. «Արգելվում է ճանապարհին թողնել իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը»: Սա նշանակում է՝ կանգնակ տեղադրելն արգելվում է:

Աբովյան փողոցի միջբակային տարածքներից մեկում արդեն երկրորդ անգամ են հեռացվում կանգնակները: Տեսախցիկի առջեւ երեւալ քաղաքացիները չցանկացան, բայց խնդրեցին  պարզաբանել, թե ինչու են տեղադրել:

Քաղաքային իշխանությունը շարունակելու է ստուգայցերը վարչական բոլոր  շրջաններում՝ մինչեւ խնդրի վերջնական լուծումը: