Երեւանի ավագանու ընտրություններն ավելի քան քաղաքական են, եւ այստեղ է որոշվում ազգի ճակատագիրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Նիկոլ Փաշինյանը մեզ համար թիրախ չէ եւ չի էլ կարող լինել։ Նա վատ է կառավարում, որոշ հարցերում պրոֆեսիոնալ չէ, մենք դա ասում ենք, բայց մեզ համար անձը թիրախ չէ։ Մենք ուզում ենք լավ պետություն ստեղծել՝ համախմբելով 10 մլն հայի հետաքրքրությունը, որ դառնանք կարեւոր աշխարհի համար։ Եթե այս ընտրություններում իշխանությունը չստանա 50-ից ավելի տոկոս, չի ունենա քաղաքական մոնոպոլիա հանրապետությունում»,- նշեց Թարվերդյանը։

Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝ իր ուժը տարբերվում է մյուս ուժերից այն բանով, որ ոչ թե սեւերի եւ սպիտակների է բաժանում հասարակությանը, այլ ներկայացնում է իր ծրագրերը։ Սոցհարցումներին հետեւում է, սակայն դրանցով չի ուրախանում, նշում է՝ թեպետ արդյունքները դրական են իր ուժի համար, սակայն ամեն ինչ պարզ կդառնա սեպտեմբերի 18-ին։

«Ես ինչ-որ մեկի պրոյեկտը չեմ, ինչ-որ մեկի հրահանգով չեմ ստեղծել իմ կուսակցությունը, ինչպես շատերն են արել։ Ես ժողովրդինն եմ, բոլորինը։ Մեր քաղաքական ուժի կորիզում առանձին-առանձին լիդերներ են, անհատներ։ Մենք, ի տարբերություն տասնյակ քաղաքական ուժերի, մարդ-կուսակցություն չենք։ Մենք նոր ուժ ենք, որովհետեւ մարդիկ ուզում են՝ հայտնվի մի ուժ, որը կասի՝ չկան սեւեր եւ սպիտակներ, կա հայ ազգ։ Մենք կարգախոս ունենք՝ միլիոն բնակչություն, միլիոն խնդիր, միլիոն լուծում։ Պետք է դրանք վերլուծենք, ոչ թե սոցհարցումներին ուշադրություն դարձնենք։ Մեր ուժն ամբողջական պատկերացում ունի տնտեսական ոլորտի մասին, ունենք մի շարք տնտեսական գործիչներ, բայց շատ կուսակցություններում այդպիսիք չկան»,- ընդգծեց նա։

Երվանդ Թարվերդյանի ճիշտ է համարում, որ խորհրդարանական ընդդիմությունը պատրաստակամություն չի հայտնում մասնակցելու քաղաքապետի ընտրություններին։ Այդպիսով՝ նրանք հնարավորություն չեն տա իշխանությանը շահարկելու նախկինների թեման։

«Իրենք մտահոգված են Արցախով, ես դա դրական եմ գնահատում։ Մենք էլ ենք տարբեր կոնսուլիտացիաներ անում։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ ունենանք բավարար ազդեցիկ ներկայություն, որ այս իշխանությունը գիտակցի՝ կորցրել է մոնոպոլիան, չստորագրի Արցախը հանձնող այդ փաստաթուղթը, որովհետեւ հայությունը դեմ է այդ փաստաթղթին։ Պետք է հայտնվի ուժ, որը չի մերժի նրանց հետ աշխատանքը, սակայն կկանխի միաձայն որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Արցախը պաշտպանելու հարցում Հայաստանը չունի դաշնակից, դրա համար մենք պետք է միավորվենք»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։