Կառավարությունը մշակել է 2023-2026 թվականներին գյուղատնտեսության զարգացումն ապահովող շուրջ հիսուն ծրագիր։ Դրանք հիմնականում վերաբերում են ապահովագրական համակարգին, սերմերի տնկանյութերի հավաստագրման համակարգին, սերմարտադրությանը, անասպանահության զարգացմանը, վերամշակող ընկերությունների կարողությունների հզորացմանը, թվային տեխնոլոգիաների զարգացմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը։

«Մեր ռազմավարություն է խորհրդատվություն տրամադրել գյուղացիներին, որպեսզի նրանք կարողանան ավանդական մեթոդներից անցում կատարել ժամանակակիցներին, քառակուսին մշակելուց առավել օգուտ ստանան, ինչը նրանց կխթանի եւ իրենք իրենց գյուղը չեն թողնի։ Օրինակ՝ ապահովագրական պայմանագրերի թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է շուրջ 100 տոկոսով, եւ ութսուն տոկոսով՝ ապահովագրված տարածքների թիվը»,- նշեց նա։

Խելացի անասնագոմ կառուցելու դեպքում շինարարական ծախսերի կեսը հոգում է Կառավարությունը, սակայն նախորդ երեք տարիներին կառուցվել է միայն 39 անասնաշենք՝ նախատեսված միայն 230-ի փոխարեն։ Փանոսյանի կարծիքով՝ հիմնական պատճառն այն է, որ գյուղատնտեսը միանգամից նորարարությունների չի գնում։

«Այս պահին քննարկում ենք ծրագրերի խնդիրները եւ լավարկում, սակայն տեխնոլոգիաներն ավելի խոշոր մասշտաբի անասնաշենքերի կառուցման մեջ են ներդրում անում, մենք այդ դեպքում սահմանաչափը իջեցրել ենք , եթե մինչեւ 1 մլրդ եւ ավելի ներդրումներ են անում, իսկ 500 մլն եւ ավելի սահմանամերձ հատվածներում, մենք հոգում ենք կապիտալ ներդրումների 40 տոկոսի չափը։ Այս անասնաշենքերը լինելու են ավելի հագեցված եւ արդյունավետ»,- նշեց նա։

Նա նկատեց, որ ջերմատնային տնտեսությունների եւ ինտենսիվ այգիների աշխատակիցների 65 տոկոսը կանայք են, այսինքն այսիսով լուծվում է կանանց աշխատատեղերի ապահովման խնդիրը։

Նախարարությունը նաեւ պատրաստվում է մշակովի դարձնել վարելահողերի շուրջ 75 տոկոսը։

«Նորագույն տեխնոլոգիաներով այգիներ են հիմնվում այնպիսի վայրերում, առանց որոնց հնարավոր չէր լինի հաշվի առնելով հողերի վատ կազմը, քարքարոտվածությունը ոռոգման համակարգերի բացակայությունը։ Լեռնային եւ նախալեռնային գոտիներում հիմնականում իրականացվում է հացահատիկային խոտաբույսերի մշակություն»,- ասաց Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ հիմնված ինտենսիվ այգին սկսում է բերք տալ երեք տարուց, իսկ վերջնական արդյունքը տեսանելի է լինում հինգ տարի անց։