Ցավոք կրկին անգամ ականատես եղանք, որ իրավունքի գերակայությունը Հայաստանում տեղ չունի, հիմա մենք կծանոթանանք որոշման հետ, ավելի մանրամասն կներկայացնենք: Այս մասինա, այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը։
«Ըստ էության փաստարկները ծանրակշիռ չեն, կանխատեսական դատողություններ են, իսկ իրենց դատարան ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատում, որ պարոն Ծառուկյանը ազատության մեջ մնալով կարող է խանգարել գործի քննությանը:
Դրանք մերկապարանոց հայտարարություններ են, այս փուլում արդեն բավականին շատ գործողություններ են կատարվել, առերեսումները ավարտվել են, մեր կարծիքով ոչ թե էականորեն նվազել էր, այլ առհասարակ չկար անհրաժշտությունը խափանման միջոց կիրառելու»,- նշել է նա:
Փաստաբանը շեշտեց՝ արդարություն փնտրելը այս պարագայում միամտություն կլիներ, իսկ որոշումը չի կարող օբյեկտիվ լինել: Հավելեց՝ որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:
Հուլիսի 6-ին, մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում էին, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանին իր առանձնատնից ձերբակալել էին՝ նրան գետնին տապալելով:
Ըստ ՔԿ-ի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։
Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է:











