Yandex Go ծառայությունը Հայաստանում սկսում է սոցիալական պատասխանատվության մեծ ծրագիր` հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար։
4 բարեգործական հիմնադրամների շահառուներ անվճար ուղևորություններ կատարելու հնարավորություն կստանան։
«Սա հիանալի ծրագիր է։ Մշտական սոցիալական այս ծրագրի շրջանակում բարեգործական հիմնադրամներից յուչաքանչյուրը ամսական 170 000 դրամի անվճար ուղևորությունների փաթեթ կստանա, որը կտնօրինի՝ ըստ իր շահառուների կարիքների և առաջնահերթությունների»,– ասում է ընկերության տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եգիազարյանը։
Yandex Go–ն հուշագրեր է ստորագրել «Հայ մայրեր», «ՎԻՎԱ», «Ժպիտների քաղաք» և «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամների հետ, որոնց բոլորի շահառուների մեծ մասը տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներ են։
Մանկական ուղեղային կաթվածով երեխաներին օժանդակող «Հայ մայրեր» կազմակերպությունում անվճար ուղևորություններից կօգտվեն ամենաանապահով ընտանիքները, որոնք նույնիսկ անվճար բուժման հնարավորություն դեպքում բավարար միջոցներ չունեն երեխաներին բուժհաստատություն տեղափոխելու համար։ Բացի դրանից, այս հուշագիրը հիմնադրամին հնարավորություն կտա իրականացնել վաղեմի երազանքը. կազմակերպել մասնագետների այցելությունները այն երեխաներին, որոնք տեղաշարժման ենթակա չեն։
«Վիվա» հիմնադրամը, որը բարեգործների միջոցներով կազմակերպում է աշխարհի տարբեր երկրներից բժիշկների այցելություններ Հայաստան, Yandex Go–ի այս փաթեթը կօգտագործի նաև նրանց մարզային հիվանդանոցներ տեղափոխելու համար։
«Շտապիր դեպի բարին» հիմնադրամը, որը տարբեր խնդիրներով երեխաներին օգնելուց բացի նաև սոցիալական ծրագրեր է իրականացնում սահմանամերձ շրջաններում, որոշել է, որ անվճար ուղևորությունների առաջին շահառուները կլինեն Դաունի սինդրոմով «արև» երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են հեռավոր մարզերում, և Երևանում անցկացվող հատուկ ծրագրերին մասնակցելու միջոցներ չունեն։
Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է Yandex Go–ի այս նախաձեռնությունը, որը ներառական բիզնես մոդելի օրինակ է։ Ռազմավարական ոլորտների վարչության պետ Արևիկ Մարգարյանը, որը ներկա է հուշագրերի ստորագրմանը, հույս հայտնեց, որ Yandex Go–ի օրինակը վարակիչ կլինի, եւ Հայաստանում գնալով կմեծանա այս մոդելով աշխատող ընկերությունների թիվը։
Վերջերս էլ Yandex Go տաքսի ծառայության հավելվածում ավելացել է նոր կարգավորում՝ «Հատուկ հնարավորությունների էկրանը», որը հասանելի է սակագնային բոլոր պլաններից օգտվողներին։
«Մենք 4 մեկնաբանություն ենք ավելացրել «հատուկ հնարավորությունների» պատուհանում։ Օգտվողները կարող են նախապես տեղեկացնել, որ իրենց ուղեւորության ժամանակ անհրաժեշտ է օգնություն։ Ուղեւորը կարող է նշել, որ ինքը մեքենա գտնելու դժվարություն ունի, օրինակ՝ շարժողական կամ տեսողական խնդիրների պատճառով։ Կարող է տեղեկացնել, որ ինքը հաղորդակցվում է միայն տեքստով, չի խոսում, բայց լսում է, նաեւ, որ տեղաշարժվում է անվասայլակով» – ասում է միջազգային շուկաների սոցիալական նախագծերի ղեկավար Սվետլանա Վորոնինան։
Նախապես այս մասին վարորդին տեղեկացնելով ՝սահմանափակ կարողություններով ուղևորը վստահ կլինի, որ իրեն մոտեցած վարորդը պատրաստ է օգնել իրեն, օրինակ, անվասայլակը մեքենայի թափքում տեղավորելու հարցում։ Ընդ որում, այս ծառայությունից ուղեւորության արժեքը չի փոխվում։ Հավելվածում այս փոփոխությունը կատարվել է հունիսին, մինչև այժմ մոտ 2000 պատվեր է իրականացվել Երևանում և մարզերում։
Սվետլանա Վորոնինայի խոսքով՝ Հայաստանում վարորդների պատրաստակամությունը զարմացրել է իրենց. ծառայությունից օգտվողները միայն դրական մեկնաբանություններ են թողել. «Շատ հաճելի է տեսնել, որ մարդիկ անտարբեր չեն, դա իսկապես շատ կարեւոր է։ Դա ցույց է տալիս, որ հասարակության համար միեւնույն չէ։ Հայաստանում մեր գրանցած ցուցանիշները շատ լավն են՝ նույնիսկ Ռուսաստանի հետ համեմատած»։
Yandex Go–ն մշտապես աշխատում է սոցիալական պատասխանատվության պորտֆելն ընդլայնելու ուղղությամբ։ Ապագայում տաքսի ծառայության հավելվածի «Հատուկ հնարավորությունների էկրանում» կավելանան նոր կետեր։ Այս նպատակով ընկերությունը հետազոտություն է անցկացնում շահառուների շրջանում՝ նրանց հատուկ պահանջները պարզելու համար։
Անվճար ուղևորությունների բյուջեն նույնպես ժամանակի ընթացքում կարող է ընդլայնվել՝ ըստ հուշագիրը ստորագրած հիմնադրամների պահանջարկի։ Այլ հիմնադրամներ նույնպես այս փաթեթին միանալու հնարավորություն կունենան։











