Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված վեց քաղաքացիներից երեքը կին են, երեքը՝ տղամարդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

«Քաղաքացիները ստացել են բազմաթիվ վնասվածքներ՝ գլխուղեղային, դիմային գանգի, վերջույթներ եւ թոքերի վնասվածքներ։ Վիրավորներից երեքն ավելի մասնագիտացված բուժման համար տեղափոխվել են Երեւան, մեկը՝ «Աստղիկ» ԲԿ, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Մեզ մոտ մնացել է երկու քաղաքացի, որոնցից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր։ Ունենք խնդիրը նրա ճնշումը կայունացնելու հետ, ինչից հետո կտեղափոխենք Երեւան»,- նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։