Արմավիր- Երեւան ճանապարհին` Արմավիր քաղաքից ոչ հեռու հոկտեմբերի 11-ին` ժամը 18:00-ի սահմաններում անհայտ անձինք խոչընդոտել են Արմավիր- Երեւան գիծը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավոտմեքենայի աշխատանքը` դուրս բերելով եւ ծեծի ենթարկելով վարորդին եւ ձեռքից վերցնելով մեքենայի բանալիները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում նշեցին  Արմավիր-Երեւան գիծը սպասարկող վարորդները:

«Գնում էի Մեծամոր, վերանորոգման բան կար մեքենայի վրա, պետք ա նայել տայի ու շարժվեի Երեւան` իմ աշխատանքին: Մեքենայիս դեմը կտրեց, մենակ էր, մարդ էր… իջավ մեքենայից, ասաց` խի՞ ես գնում Երեւան, դու իրավունք չունես գնաս Երեւանից պասաժիր բերես, խի՞ ես աշխատում այդ կազմում: Ասացի, բա ի՞նչ անեմ, ինձ ով է հաց տվողը: Ասացի` ես որտեղ կուզենամ, այնտեղ կաշխատեմ… Բանալիները հանեց, մի ճլոտ էլ տվեց, բանալիները վերցրեց, զամոկը կոտրեց ու ինձ ասեց գնա ստեղից: Մի քիչ լավ չէի զգում ինձ, նստեցի, մինչեւ տղերքը ջուր բերեցին»,- պատմեց «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը:

Վարորդը նաեւ ասաց, որ չի դիմել ոստիկանություն, բայց ոստիկանությունը տեղեկացել եւ եկել է. «Բացատրություն եմ տվել, ու հիմա ոստիկաններն այդտեղ են մեքենայի մոտ»: Վարորդները նաեւ տեղեկացրեցին, որ «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է Արմավիր- Երեւան ճանապարհին:

Ըստ վարորդների, ժամը 18:00-18:30-ի սահմաններում, երկու ավտոմեքենա կտրել են նաեւ նույն երթուղին սպասարկող ավտոբուսի ճանապարհը հենց Արմավիրի ավտոկայանում, հայտարարելով, որ «ավտոբուսը ոչ մի տեղ չպետք է գնա»:

Հարցին, թե այդ անձինք իրավասություն ունեի՞ն խոչընդոտելու երթուղին սպասարկող ավտոմեքենաների աշխատանքը, վարորդները բացասական պատասխան տվեցին ու նշեցին, որ «իրենց դուխով չթողեցին, որ մեքենաները շարժվեն»:

«Իրանք Հոկտեմբերի գիծ ունեն, իրենց ավտոները բերել կանգնեցրել են այս ավտոկայանում, բայց դրա իրավունքը չունեն: Իրանք մեզ չթողեցին քշել, բայց իրենց ավտոները տեղափոխեցին պասաժիրներին: Եթե այդպես շարունակվի, չենք աշխատի: Մենք ի՞նչ անենք, եթե իրանք գալիս են, չեն թողնում քշենք: Դեպուտատ ա, դեպուտատի տղայ ա»,- նշեց վարորդներից մեկը:

«Իրավական հասարակարգ են ստեղծում, բայց այսօր մեկը բռնանում է մյուսի կամքին, երբ պետական լիցենզիայով ենք աշխատում: Այդպե՞ս են իրավական համակարգ կառուցում: Այսօր 30 հոգի աշխատում են, եկել են մարդկանց ահաբեկում են»,- ասաց վարորդներից մեկը, նշելով, որ նախկինում էլ նման դեպքեր եղել են:

Վարորդները տեղեկացրին, որ իրենց աշխատանքը խոչընդոտել են պատգամավոր Նովոյի` ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին`Արտակը եւ եղբորորդին` Բագրատը:

Արմավիր-Երեւան երթուղային գիծը սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, որի տնօրեն Հարություն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը տվյալ երթուղին սպասարկելու մրցույթում հաղթել է 2009 թվականին, եւ երթուղին սպասարկելու լիցենզիան տրված է մինչեւ 2013 թվականը: «Խնդիրն այն է, որ իրենք Հոկտեմբեր գյուղի տենդերն են շահել, եւ երթուղայինները պետք է Նորապատով գնան, բայց գալիս են Արմավիրի ավտոկայան, եւ ուզում են մեքենաներն աշխատեցնեն Արմավիր- Երեւան երթուղում: Իսկ այդ երթուղին մեր կազմակերպությունն է շահել: Ոստիկանություն ենք դիմել, եկել են այն մեքենաները հանել են, որ աշխատենք: Առավոտյան կտեսնենք` ո՞նց է ընթացքը լինելու: Առավոտյան վարորդները սովորականի պես դուրս են գալու երթուղի, իսկ ոստիկանությունը խոսք է տվել, որ ապահովելու է անվտանգությունը, եւ վարորդները կարողանան նորմալ աշխատել»,- ասաց Պետրոսյանը:

Հ. Գ. Լուսանկարների մի մասը, որոնց վրա պատկերված են երթուղային տաքսիների աշխատանքը խոչընդոտող մարդիկ,  NEWS.am-ին տրամադրել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրինությունը: