Ընտրապայքարը լինելու է հարձակողական, բայց ոչ ագրեսիվ։ NEWS.am–ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Միացյալ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Երվանդ Թարվերդյանը։ Օգոստոսի 23–ից սկսվող քարոզարշավի ընթացքում կուսակցությունը մտադիր է բակային հանդիպումներ կազմակերպել, որը հավանաբար կսկսեն մայրաքաղաքի ծայրամասերից։

Թարվերդյանը կարևորում է մայրաքաղաքի համաչափ զարգացումը։ Քաղաքն արդյունավետ կառավարելու նպատակով «Միացյալ Հայաստան»–ը պատրաստ է համագործակցել ավագանի անցած քաղաքական բոլոր ուժերի հետ։

«Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ քաղաքական դաշտը տարբեր բևեռների չենք բաժանում, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ՝ հանուն Երևանի զարգացման։ Ես երազում եմ, որ 14 քաղաքական ուժերն էլ հայտնվեն ավագանիում, որովհետև բոլորն էլ ունեն լավ ծրագրեր»,– ասաց նա։

«Միացյալ Հայաստանը», ըստ կուսակցության ղեկավարի, ընտրությանը մասնակցող ոչ մի ուժի, այդ թվում իշխանական թեկնածուի դեմ չի պայքարելու, փորձելու է երևանցիների վստահությունը ստանալու համար ամեն ջանք գործադրել։ Նրա դիտարկմամբ, քաղաքացին պետք է քաղաքական ուժերի ծրագրերին ուշադրություն դարձնի, համեմատի ու ընտրություն կատարի։ 

«Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուի խոսքով, իրենց թիկունքում ոչ մի նախկին իշխանության ներկայացուցիչ կանգնած չէ։ «Մեր հետևում ոչ մեկի ականջները չեն երևում, մենք ոչ մեկի պրոյեկտը չենք։ Խոսքի ազատությանը կողմ ենք, բայց դեմ ենք անարխիային, վերացնելու ենք անպատժելիությունը։ Գնահատելու ենք կադրերին։ Գրագետ աշխատակցի վրա դողալու ենք, անգամ խնդրելու ենք նրանց, որ իրենց ունակությունները ներդնեն քաղաքի զարգացման գործում»,– նշեց Թարվերդյանը։

 «Միացյալ Հայաստան» կուսակցությունը 2 կարգախոս է ընտրել ընտրությունների համար՝ «Սիրտդ տուր Երևանիդ» և «Երևան՝ միացյալ հայության մայրաքաղաք»։ Երվանդ Թարվերդյանը վստահ է, որ քաղաքապետարանում ազդեցիկ թիմ  են ունենալու։